Հասարակական

Կիրառվելու է խափանման միջոցի նոր տեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց քրեական դատավարության օրենսգիրքը

2 րոպեի ընթերցում

Կիրառվելու է խափանման միջոցի նոր տեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց քրեական դատավարության օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նաև նախատեսվում են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսին են տնային կալանքը և վարչական հսկողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:

«Նախագծով նախատեսվում է վերացնել քրեական գործի հարուցման փուլը, այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ ձևի բովանդակության մեջ: Նախատեսվում է վերացնել հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ: Նախագծով հստակեցվել են հարկադրանքի միջոցների՝ ներառյալ ձերբակալման, կալանքի կիրառման նպատակները, հիմքերը և ընթացակարգերը»,-ասաց փոխնախարարը:

Վերանայվել են ձերբակալման տեսակները, որպես ձերբակալման առանձին տեսակ նախատեսվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալումը: Հնարավորինս ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը:

«Նախատեսվել են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսին են տնային կալանքը և վարչական հսկողությունը: Հնարավորինս հստակեցվել են խափանման միջոցների կիրառման պայմանները և ընթացակարգերը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու չհիմնավորված դեպքերը բացառելու համար»,-ասաց փոխնախարարը:

Նախատեսվել է նաև մեղադրյալի բացակայությամբ հեռակա վարույթի ինստիտուտը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 75 կողմ ձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում