Հասարակական

Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona 2021» համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Տիմո Հարակկայի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Գործընկերներն անդրադարձել են համավարակով պայմանավորված մարտահրավերներին և դրանց լուծման մեջ տեխնոլոգիաների նշանակությանը։

Նախարար Տիմո Հարակկան հատկանշել է համավարակի ազդեցությունը, ինչի արդյունքում թվային ծառայությունների օգտագործման աճ է գրանցվել, մասնավորապես առցանց կրթության ոլորտում, էլեկտրոնային առողջապահական ծառայություններում և այլն:

Նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, հաստատելով տեխնոլոգիաների դերակատարությունը ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում, ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում մեծ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ոլորտում բարձրակարգ մասնագետների բացը լրացնելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել տեխնոլոգիական, ինչպես նաև կրթական ոլորտում երկուստեք իրականացրած հաջողված ծրագրերի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Ծրագրերը կներառեն հանրակրթությունը, հատկապես բնագիտական (STEM) և ճարտարագիտական կրթության ուղղություններով, մասնագիտական և ոչ ֆորմալ կրթությունը՝ ժամանակակից, ապագային միտված և մրցունակ մասնագիտություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում