Հասարակական

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում

2 րոպեի ընթերցում

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Օլիմպիադան հունիսի 19-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Երևանի պետական համալսարանում: Մրցույթը, որին մասնակցել են 88 երկրների 355 դպրոցականներ, կազմակերպել է Սինգապուրը:

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Արայի Խալաթյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել է նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանը։

Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։

Հայաստանի թիմը ևս 2 մեդալի է արժանացել Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադայում, որն անցկացվում էր առաջին անգամ: Մրցույթը, որի կազմակերպիչն էր Շվեյցարիան, առցանց ձևաչափով կայացել է հունիսի 13-19-ը:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանն արժանացել է արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ամարաս Նազարեանսը՝ բրոնզե մեդալի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում