Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը, իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։
Ըստ աղբյուրի՝ Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։