Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Սիրված երգիչները մեկ բեմում. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դասական երաժշտության երեկո կանցկացվի

Սիրված երգիչները մեկ բեմում. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դասական 
երաժշտության երեկո կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը, տենոր Հայկ Վարդանյանը և բարիտոն Ակսել Դավեյանը հունիսի 29-ին ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Կոնցերտմայստերը Կատարինե Հովսեփյանն է։ Համերգին մասնակցում է  թավջութակահար Անժելա Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Պյորսելի, Մասկանիի, Վերդիի, Պուչինիի, Տոստիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի լավագույն վերդիական սոպրանոներից մեկն աշխարհում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տենոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, այնուհետև Փարիզի «Բաստիլ» օպերայի ակադեմիայում: Լոնդոնի Թագավորական օպերայում համագործակցել է Անտոնիո Պապանոյի և Յոնաս Կաուֆմանի, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ Ջեյմս Լիվայնի, Յանիկ Նեզե-Սեգենի և Պլասիդո Դոմինգոյի հետ: Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Իսպանիայի առաջատար օպերային թատրոններում և փառատոններում ներկայացել է «Դոն Կառլոս», «Մադամ Բաթերֆլյայ», «Բոհեմ», «Օթելլո», «Տրավիատա», «Իոլանտա», «Ադրիանա Լեկուվրյոր», «Տրուբադուր», «Սիցիլիական ժամերգություն» և տասնյակ այլ օպերաներում գլխավոր դերերգերով:

Ակսել Դավեյանը 2012-2018 թվականներին սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասական վոկալի բաժնում, Աննա Մուսայելյանի դասարանում։ 2018-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում, ԵՊԿ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում։ 2019-ին արժանացել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի 1-ին կարգի մրցանակի։ 2020-ին «Դասական երգեցողություն» անվանակարգում արժանացել է Պողոսյան երիտասարդական մրցանակի: 2021-ին հանդես է եկել Մալատեստայի դերերգով ԵՊԿ օպերային ստուդիայում բեմադրված «Դոն Պասկուալե» օպերայում:

Հայկ Վարդանյանի օպերային կարիերան սկսվել է 2019-ին, Միլանում, «Տրավիատա» օպերայում Ալֆրեդո Ժերմոնի դերերգով: 2012-ից սովորում է Գայանե Բադալյանի դասարանում, 2017-ից սկսած զուգահեռ կատարելագործվում է Միլանում՝ Ջանֆրանկա Օստինիի դասարանում: 2018-2019 թվականներին ելույթներ է ունեցել Իտալիայի տարբեր քաղաքներում: 2021 թվականին մենահամերգներով հանդես է եկել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Լուիզ Սիմոն-Մանուկյան» սրահում, մասնակցել է դիրիժոր Յուրի Դավթյանի հիշատակին նվիրված համերգին Ազգային ակադեմիական օպերային թատրոնում: 2019-ից ղեկավարում է ԵՊԿ օպերային ստուդիան, 2020-ից՝ Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]