Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կասկած չկա, որ բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են. Փաշինյան

Կասկած չկա, որ բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ գերեվարված բոլոր հայ զինծառայողները Ադրբեջանից  վերադառնալու են, միևնույն ժամանակ նա բացառում է կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

«Առաջիկա 5 տարիներին մենք պլանավորում ենք կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 նոր ջրամբարների կառուցումը, ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի հետ, Իրանի, այսպիսով՝ ամբողջ աշխարհի հետ: Կրկին ու կրկին ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք»,-վստահեցրեց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել: «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ՝ ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար»,-ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այսօր այդ հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ՝ մասնավորապես գերեվարված հայ զինծառայողների վերադարձնելու մասով:

«Այնուամենայնիվ,  մեր 15 գերիների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք»,-ասաց նա ու կարևորեց, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ՝ օր առաջ:

Անվտանգային ոլորտում հրատապ մյուս հարցը Փաշինյանը համարեց հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակը: «Մեր բոլոր միջազգային գործընկերները կիսում են մեր տեսակետը՝ այն է՝ Ադրբեջանի զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, ընդ որում Հայաստանը պատրաստ է ընդունել միջազգային գործընկերների առաջարկը՝ զորքերի հայելային դուրսբերման, սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման և միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ տանելու մասին՝ այդ աշխատանքը սկսելով հենց Սոթք-Խոզնավար հատվածից, դրանից հետո աշխատանքներ իրականացնել մնացած հատվածներում»,-ասաց Փաշինյանը:

Նա հանրությանը կոչ արեց ամենևին չվախենալ դեմարկացիա և դելիմիտացիա բառերից՝ նշելով, որ դա գործընթաց է, որով անցնում են աշխարհի բոլոր անկախ պետությունները: Փաշինյանը նշեց, որ այդ պրոցեսը չեն փոխկապակցում Ղարաբաղի հարցի հետ: «Ղարաբաղի հարցի լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման: Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը»,-ասաց նա:

Նա ակնհայտ համարեց, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում այնպիսի օրինակներով, ինչպիսին Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է: «Միջազգային հանրության ուշադրությունը մենք պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ անջատում հանուն փրկությանը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է »,- ասաց Փաշինյանը:

Նա միջազգային հարաբերությունների առումով անվտանգության առանցքը համարեց հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացումը առաջնահերթությունների թվում է: Տարածաշրջանային անվտանգության առումով նա հատուկ ընդգծեց Իրանի հետ Հայաստանի համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ռազմավարական երկխոսության մեկնարկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ամբողջական վերաներգրավումը տարածաշրջանային անվտանգության գործերին:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]