1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել նախընտրական պաստառները պոկելու կամ վնասելու երևույթների վերաբերյալ

Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել նախընտրական պաստառները 
պոկելու կամ վնասելու երևույթների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ստացված հաղորդումների, ահազանգերի ընդհանուր բովանդակային դիտարկումը փաստում է, որ դրացնում քիչ չեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց ներկայացուցիչների նախընտրական կամ այլ բնույթի պաստառները վնասելու, պոկելու, ոչնչացնելու, առանձին դեպքերում՝ նաև գողանալու, դրանց հետևանքով գույքային վնասներ պատճառելու դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր հաղորդագրությունը.

«Մասնավորապես՝ իրավապահ մարմիններ ստացվել է ինչպես մինչև հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավը, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր մարզերում, Երևան քաղաքում փակցված պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ ընդհանուր 50 հաղորդում, ահազանգ:

Դրանցից 41-ի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 24-ն ընթացքի մեջ է, 13-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: 4 դեպքի առթիվ, նկատի ունենալով պատճառված գոյյքային վնասի չափը, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով ներկայում ընթանում է նախաքննություն: Նշված 4 քրեական գործերն էլ վերաբերում են մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցած դեպքերին:     

9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նման հաղորդումներն առավել հաճախակիացել են հատկապես վերջին օրերին: Չնայած այդ հանգամանքին, բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ մարմինները, պատշաճ արձագանքելով պաստառների վնասման վերաբերյալ ահազանգերին, նյութերի նախապատրաստման ընթացքում օպերատիվ կերպով սկսում են իրականացնել անհրաժեշտ գործողություններ, սակայն համապատասխան սուբյեկտները հետագայում հրաժարվում են հաղորդում տալուց՝ նշելով, որ բողոք չունեն և չեն ցանկանում, որպեսզի այդ արարքները կատարած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս իմաստով հատկանշական է, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու 11 որոշումներից 10-ը կայացվել է բողոքի բացակայության հիմքով: Դեպքերի մի մասի պարագայում նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ պատճառված նյութական վնասի չափն ակնհայտորեն նվազ է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված վնասի չափի նվազագույն շեմից:

ՀՀ դատախազությունը, ելնելով նման բնույթի իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի հաճախակիացման իրողությունից, ինչպես նաև տարբեր սուբյեկտների կողմից հատկապես իբրև ընտրական հանցավոր արարքներ՝ ՀՀ իրավապահ մարմիններին այդ կապակցությամբ հաղորդումներ ներկայացնելու հանգամանքից, հարկ է համարում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին պարզաբանելու, որ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում հատուկ առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը վարչական իրավախախտում է՝ սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.12-րդ հոդվածով, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի տեղադրումը, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործումն իրականացվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով, որի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նախընտրական քարոզչության կամ այլ բնույթի պաստառները պատռելու, այլ եղանակով վնասելու, ոչնչացնելու արարքներին քրեաիրավական գնահատական տալու հիմքեր են առաջանում այն դեպքերում, երբ դրանք, որպես կանոն, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված հանցագործության առերևույթ հատկանիշներ և արդյունքում սեփականատիրոջը պատճառված վնասը կազմում է 30 հազար ՀՀ դրամը գերազանցող գումար: Այսինքն դրանք բնույթով ոչ թե ընտրական, այլ սեփականության դեմ ուղղված առերևույթ հանցագործություններ են:

Անկախ այդ հանգամանքից, հաշվի առնելով, որ վերոնշյալ բոլոր դեպքերի կատարման պատճառ և առթիվ է հանդիսացել փաստացի իրականացված և շարունակվող նախընտրական քարոզարշավը՝ քաղաքացիներին, քաղաքական ուժերի ակտիվ համակիրներին կոչ ենք անում զերծ մնալ նախընտրական պաստառների նկատմամբ ոտնձգություններից, նման գործելակերպը սեփական քաղաքական հայացքները, համակրանքը կամ հակակրանքն արտահայտելու միջոց դարձնելուց: Նման մեթոդները ոչ միայն չեն համապատասխանում ժողովրդավարական, քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու չափանիշներին, համարժեք չեն մեր հասարակության բարոյական և մշակութային արժեքներին, այլև փոխադարձ անհանդուրժողականության, հանրային համակեցության կանոնների խախտման, ատելության վարքագծի վառ արտահայտություններ են, ինչն ինքնին հանցածին է, մերժելի և օրենքով արգելված»,- ասված է հաղորդագրության մեջ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]