Սարուխանի երկու փողոցներում կապիտալ նորոգման կենթարկվի ոռոգման ներքին ցանցը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Գուսան Հավասի եւ Գրիգոր Նարեկացի փողոցներում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկատարվի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կապիտալ նորոգում, ջրահեռացման համակարգի կառուցում եւ ճանապարհի հարթեցում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից` ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 47 միլիոն 619 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 33 միլիոն 333 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25,2 տոկոսը կամ 12 միլիոն դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը, 4,8 տոկոսը կամ 2 միլիոն 285 հազար դրամը՝ այլ ներդրող։ Նախատեսվում է ջրատարի հիմքերի փորում եւ ամրացում, անցումային կետերում խողովակների տեղադրում եւ ջրատարի ու ջրահեռացման համակարգի կառուցում երկաթյա կիսախողովակներով` 1 675 մետր ընդհանուր երկարությամբ։
«Ծրագրի իրականացման արդյունքում ավելի քան 500 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի առանց կորուստների եւ ուշացումների, իսկ ներհամայնքային ճանապարհները զերծ կմնան քանդման վտանգից։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է»,-նշեց Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը։
Խոսրով Խլղաթյան