Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քարոզարշավի հանդիպումների նպատակը ոչ այնքան քարոզչություն անելն է, այլ մարդկանց աչքերի մեջ նայելը. Փաշինյան

Քարոզարշավի հանդիպումների նպատակը ոչ այնքան քարոզչություն անելն է, այլ 
մարդկանց աչքերի մեջ նայելը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի հանդիպումների նպատակը ոչ այնքան քարոզչություն անելն է համարում, որքան մարդկանց աչքերի մեջ նայելը: Արդյունքում համոզվել է՝ ՀՀ կառավարության և ժողովրդի միջև կա հոգևոր արժեքային ուժեղ կապ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց քարոզարշավի շրջանակում ջերմուկցիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը շեշտեց՝ երբեք չի ասել, որ իրենց ուժն ընտրություններում հաղթելու է: «Ես ասել եմ, որ ՀՀ քաղաքացին կորոշի: Եվ քարոզարշավի ոգուց, բազմամարդությունից, ճանապարհին մարդկանց ողջույններից մենք հասկանում ենք, որ քաղաքացին վճռական է տրամադրված: Բայց ուզում եմ էլի բոլորիդ ասել, որ եթե դուք որոշեք, որ մենք պետք է գնանք, մենք դա չենք վիճարկի, մենք կգնանք: Եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք ու կշարունակենք մեր ծառայությունը, ինչքան էլ, որ հասկանում ենք, որ մեր ծառայությունն անթերի չի եղել»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ քարոզարշավը ցույց է տվել, որ կեղծ լուրերն ազդեցություն չեն ունեցել հասարակության վրա:

«Քարոզարշավի այս հանդիպումների նպատակը ոչ այնքան քարոզչություն անելն է, այլ մարդկանց աչքերի մեջ նայելը, մարդկանց հայացքը տեսնելը, որ մարդիկ մեր հայացքը կարդան: Շատ բաներ կա, որ չես ասի, բայց մարդկանց հայացքում արտահայտված է»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ շատ բաներ ասել է և շատ բաներ էլ կա, որ չի կարողանում ասել, բայց, վստահ է, որ ժողովուրդն իր հայացքը, աչքերը տեսնելով, կարդում է ավելի շատ, քան ինքն ասում է: Նա դրա համար շնորհակալություն հայտնեց, և դա համարեց վկայություն, որ ՀՀ կառավարության և ժողովրդի միջև կա հոգևոր, արժեքային ուժեղ կապ: Ըստ նրա՝ այդ կապն է, որ 7-8 ամսվա ընթացքում կարողացել է պաշտպանել պետականությունը՝ անշրջելի ցնցումներից, կարողացել է պահպանել քաղաքացիական բախումներից:

«Մեր պետականությունը հիմնված է առաջին հերթին քաղաքացու վրա, ինչքան ուժեղ է քաղաքացին, այնքան ուժեղ է պետականությունը: Եվ ես համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում հաղթողը լինելու է մեկ սուբյեկտ, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]