1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հունիսի 21-ից հետո ՀՀ-ում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների. Մարուքյան

Հունիսի 21-ից հետո ՀՀ-ում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ 
մարտահրավերների. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դժգոհում է քաղաքական ուժերի կողմից տարածվող ատելության  խոսքից, առաջարկում համերաշխության իր օրակարգը՝ հունիսի 21-ից հետո ձևավորել միասնական կառավարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ քարոզարշավի շրջանակում Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Մարուքյանը շեշտեց, որ ԼՀԿ-ն շատ լավ ծրագիր է կազմել, բայց անհնար համարեց այդ ծրագիրն իրականացնելը՝ որոշ քաղաքական ուժերի, գործիչների ատելության խոսքի պայմաններում: Մարուքյանի խոսքով՝ դա փոխանցվում է այդ ուժերի աջակից քաղաքացիներին, ոմանք ԼՀԿ-ի քարոզարշավի ժամանակ անեծքներ են հնչեցնում պատուհաններից, վառում են կուսակցության բուկլետները: ԼՀԿ-ն հունիսի 21-ին բախումների վտանգ է տեսնում: Մարուքյանը շեշտեց՝ ԼՀԿ-ն եկել է՝ իր համերաշխության օրակարգով:

«Հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական ճակատ, միասնական կառավարություն՝ ընդդեմ մեր մարտահրավերների, ոչ թե ընդդեմ իրար, ընդդեմ մեկս մյուսիս ոչնչացնելու: Մենք այնքան խնդիրներ, մարտահրավեր ունենք, որ դրանք ավելի մեծ են, քան մեծ բյուջեն, մեր հնարավորությունները: Հետևաբար` մեզ պետք է այս փոքր երկրում պառակտված հասարակությանը համախմբել, այլապես ոչ մի լավ բան հնարավոր չի լինելու անել: Դրա համար ԼՀԿ-ն մի կողմ է  դրել իր բոլոր տարաձայնությունները՝ բոլոր ուժերի հետ, և  պատրաստ է իրականացնել ծրագրեր, բոլորի լավ ծրագրերն էլ պետք է իրականացնել, բայց համախմբելու միջոցով»,-ասաց նա:

Ըստ ԼՀԿ-ի տեսլականի՝ լավ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, պրոֆեսիոնալները, մասնագետները պետք է ներգրավվեն կառավարությունում, մասնագետների կառավարությունը երկիրը պետք է հանի ստեղծված իրավիճակից: Ըստ ԼՀԿ-ի՝ խորհրդարանում պետք է մշակվի քաղաքականություն, ծրագրեր, գործադիր իշխանությունում ներգրավված պրոֆեսիոնալ մարդիկ էլ իրականացնեն դրանք:  

«Սա է մեր տեսլականը, և սրա համար խնդրում ենք, որ դուք լիազորեք ԼՀԿ-ին , որ ձեր քվեարկությամբ կարողանանք սա իրականացնել: Եթե մարդիկ գնում, քվեարկում են ատելություն քարոզող ուժերին, նրանք շարունակելու են մեզ կռվացնել միմյանց դեմ՝ եղբորը՝ եղբոր դեմ, քրոջը՝ քրոջ դեմ»,-ասաց Մարուքյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]