Հասարակական

Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

3 րոպեի ընթերցում

Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։ Հայկ Չոբանյանը զրուցել է նաև Թումոյում սովորող պատանիների հետ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, ունկնդրել Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի ստեղծագործությունները, դիտել կենտրոնի ուսանողների ստեղծած անիմացիոն հոլովակները:

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Թումոյում գործող «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոց, որն առաջարկում է անընդհատ թարմացվող, ոլորտի նորագույն պահանջներին համահունչ 100-ից ավելի նախագծեր:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող գիտահետազոտական կիրառական նոր նախագծերին ու նախաձեռնություններին:

Թումոյի զարգացման գծով տնօրենԲեկոր Փափազյանը ներկայացրել է Թումոյի նոր կառուցվող ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագիծը: Համալիրը տեղակայվելու է Երևանի Թումոյի կողքին՝ զբաղեցնելով 25,000 քմ մակերես, որը կհանդիսանա կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք:

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները և հավելել, որ այժմ նախատեսվում է նոր կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում, իսկ հաջորդ Թումո տուփը բացվելու է Սևան քաղաքում։Նա նշել է, որ ներկայումս աշակերտների թիվը 1900 է և նախատեսվում է այն 60000-ի հասցնել:

Զրուցակիցները քննարկել են նաև կրթական մոդելի արտահանման, կոմերցիալիզացիայի և կայունության հետ կապված մի շարք այլ հարցեր:

Թումո կենտրոնի կողմից ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ իրականացվում է նաև հայկական հուշակոթողների 3D սքանավորում, որը հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում վերականգնման աշխատանքներ իրականացնել:

Կարևորելով Թումո կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու հուշակոթողների 3D սքանավորման, կլաստերների ձևավորման, Թումո տուփերի տեղակայման, կենտրոնի կողմից իրականացվող գիտահետազոտական, կրթական ծրագրերին և նախաձեռնություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում