Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» մեր ընտրությունների արդյունքները. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում, որ ընտրությունների նշանակման մասին իր հայտարարությունից ընդամենը 2 օր անց են տեղի ունեցել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Դավադրությունների շատ չեմ հավատում, աշխատում եմ շատ չկենտրոնանալ, բայց փաստեր կան, որ տարօրինակ են: Ես մայիսի 10-ին հայտարարում եմ, որ ԱԺ-ն լուծարվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ամսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերն են լինում: Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» մեր ընտրությունների արդյունքները»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ շատ վտանգավոր վիճակ է՝ հորդորելով շատ զգոն, պինդ ու միասնական լինել: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ժողովուրդն ինչպես քվեարկի, այնպես էլ արդյունքները ճշգրիտ կարտահայտվեն:
Հայաստանում արտահերթ խորհրդարանականն ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ազգային ժողովի լուծարման մասին հայտարարվել է մայիսի 10-ին, երբ օրենսդրության սահմանած ընթացակարգով ԱԺ-ն երկու անգամ չընտրեց վարչապետ:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն: