Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նազարյանը վիրավորական արտահայտություն արեց, Թովմասյանը պահանջեց ներողություն խնդրել. միջադեպ ԱԺ-ում

Նազարյանը վիրավորական արտահայտություն արեց, Թովմասյանը պահանջեց 
ներողություն խնդրել. միջադեպ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում միջադեպ տեղի ունեցավ փոխնախագահ Լենա Նազարյանի և «Իմ քայլը»-ից դուրս եկած, խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թագուհի Թովմասյանն ամբիոնից մասնավորապես խոսում էր Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին՝ նշելով, որ սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ: «Ես գալիս եմ հիմա իմ ծննդավայրից, Վարդենիսի այն շրջաններում, որտեղ հիմա լցված են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել, անընդհատ լինում են միջադեպեր: Այս պայթյունավտանգ իրավիճակում ո՞րն է պետության մեսիջը. որ վաղը դուք վերածվելու եք պարկերով դիակների՞ որևէ սենյակում գցած»,-նշել էր պատգամավորը:

Թովմասյանի այս ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասաց՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր, և դա լսվեց:

Ավելի ուշ Թովմասյանը մոտեցավ ամբիոնին Նազարյանի պահվածքը որակեց լկտի և պահանջեց, որ ԱԺ փոխնախագահը ամբիոնից ներողություն խնդրի: «Այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու: Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո»,-ասաց նա ու հավելեց, որ քննադատությանը վիրավորանքով պատասխանելու համար Նազարյանը պետք է ամաչի:

Լենա Նազարյանն արձագանքեց. «Եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների և ապրումների մասին, չի նշանակում, որ ես չեմ զգում և չեմ ցավում»:

Ավելի ուշ պատգամավորներն այս թեմայով զրուցեցին նաև լրագրողների հետ:

«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ՝ առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը «շխկացնելու» և հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտներ ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար: Թող ինքը ներողություն խնդրի նրա համար, որ, լինելով խմբակցության անդամ, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է՝ այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա նույնպես եղել է խմբակցության անդամ և հարմար պահին դուրս եկել»,-ասաց Նազարյանը:

Թովմասյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես ուզում եմ նախ արձանագրել, որ ես ուղղակի ելույթ չունեցա, ես ելույթ ունեցա ՀՀ շարքային քաղաքացու արժանապատվության  մասին, որ նետված էր դիահերձարանի հատակին: Եվ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո պետք է որոշակի աշխատանքներ իրականացվեն համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ ամենաակտիվը պետք է լիներ Առողջապահության նախարարությունը, որովհետև վիրավորների և զոհերի կուտակումները լինում են բժշկական հաստատություններում, և նրանք պետք է պատրաստ լինեին: Ինչո՞ւ պատրաստ չէին: Սրա մասին բարձրաձայնելը, բնականաբար, առանց էմոցիաների չի ստացվում, բայց ի՞նչ պատասխան է տալիս իշխանությունը»:

Ըստ նրա՝ իշխանությունը չի հասկանում իր գործառույթների լրջությունը: Թովմասյանը շեշտեց՝ Նազարյանը պետք է ներողություն խնդրի, եթե չխնդրի, ապա ինքը չի նախանձելու նրան: «Չի կարող պառլամենտական կյանքում լինել այդպիսի փոխադարձ վերաբերմունք՝ պառլամենտականների միջև»,-նշեց նա:

Ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնք փաստում էին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների դիեր են եղել, որոնք պահվել են ոչ պատշաճ պայմաններում: 

Հունիսի 2-ին ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված երկու աշխատակից ազատվել են աշխատանքից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]