Վանաձորի թատրոնը խաղերով, մրցույթներով ու մուլտֆիլմի ցուցադրությամբ է նշել երեխաների տոնը
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային տոնի շրջանակում հունիսի 1-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բազմաբովանդակ միջոցառում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվել են խաղեր, հանելուկների, կավճանկարի մրցույթներ և այլն: Հաղթողները մրցանակներ են ստացել հեքիաթի հերոսներից։
Ամփոփվել են նաև «Թատրոնը՝ երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները։ Լավագույն երեք մասնակցին թատրոնը նվերներ է հանձնել:
Բացօթյա գեղեցիկ միջոցառումներից հետո երեխաները հնարավորություն են ունեցել դիտելու «Մատնաչափիկը» ներկայացումը:
Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները: Վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում