Հասարակական

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը վերանորոգվել է ու վերազինվել նոր սարքավորումներով

3 րոպեի ընթերցում

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը վերանորոգվել է ու վերազինվել նոր սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը» նոր շունչ է ստացել՝ փոխվել են շենքային պայմանները, իրականացվել է կապիտալ վերանորոգում, վերազինվել է սարքավորումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին 3 տարում գերատեսչության ուշադրության կենտրոնում է եղել բժշկական հաստատությունների շենքային վիճակի բարելավումը, սարքավորումներով վերազինումը, ամբողջական վերակառուցումը:

«Դրանք ամենաանհրաժեշտ պայմաններն են, որ պետք է ստեղծված լինեն, որպեսզի բուժառուներին որակյալ բժշկական օգնություն տրամադրվի: Մենք հասկանում ենք, որ միայն շենքն ու սարքավորումները չեն, որ կազմում են որակյալ բուժօգնության հիմքը, այլ մասնագետներն են: Շատ ենք կարևորում, որ և՛ բազմապրոֆիլ, և՛ նեղ մասնագիտական հիվանդանոցները համալրվեն նոր կադրերով, որոնք պրոֆեսիոնալ ու տարիերի փորձ ունեցող բժիշկներից կվերցնեն տարիների կուտակած փորձը: Վերջին 2 տարվա ընթացքում երիտասարդ կադրեր են ներգրավվել աշխատանքում»,- նշեց Ավանեսյանը:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն ընդգծեց, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են 2020 թվականից: Կենտրոնի առաջին հարկում տեղակայված է լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքը, պահեստը, մեթադոնային փոխարինող բուժման հատվածը:

«Երկրորդ հարկում գտնվում են վարչական հատվածն ու դիսպանսերային բաժանմունքը: Երրորդ հարկում տեղակայված է առաջին ստացիոնարային բաժանմունքը և նոր բացված ծառայությունը, որի շրջանակում սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրվում և բուժառուին և նրա ընտանիքի անդամներին: 2020 թվականին մեր կենտրոնում իրականացվել է նաև ջրահեռացման և ջրամատակարարման համակարգի փոխարինում»,- նշեց Նազինյանը և հավելեց, որ ձեռք է բերվել նաև ամբողջությամբ նոր կահույք:

Նրա խոսքով՝ նախատեսվում է կապիտալ վերանորոգել նաև 4-րդ հարկը, ինչից հետո կտեղադրվի նաև վերելակ, որն արդեն ձեռք է բերվել:

Ներկայում ՀՀ-ում մոտ 7 400 անձ հաշվառված է որպես թմրամիջոց գործածող, որոնցից 4 000-ը կաննաբինոիդներ են օգտագործում, իսկ մյուս մասը՝ օպիոիդներ:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 35 հիվանդ: Ամբուլատոր պայմաններում մեթադոնային փոխարինող բուժում է ստանում 404 հոգի, որից 5-ը կին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում