Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և 
ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Այս առաջարկը Փաշինյանը հնչեցրեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային տարածքներ այցից հետո: Նա տեղում ծանոթացել է իրադրությանը և Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցում էին նաև Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, կիսվել է տպավորություններով ու առաջարկել իրադրության հանգուցալուծման պլան:

«Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Այդ նպատակով ես առաջարկում եմ իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում և հանդես գալիս բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանն ու Ադրբեջանի իշխանություններին: Առաջարկը հետևյալն է՝ պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Ընդհանրապես այդ տարածքներից Զինված ուժերի ներկայացուցիչները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ: Որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, տեղակայվել տարբեր վայրերում, իսկ մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում գերեվարել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am