Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական համագործակցության հնարավորությունները

Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական 
համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար:

«Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն: Ինչպես հայտնի է, դեռևս Խորհրդային Միության կազմում՝ Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայումս լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակը:

Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գերատեսչության առջև դրված խնդիրների իրականացման գործում։

Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ ռուսական կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկրոնիկայի, իրերի ինտերնետի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունն արդեն բավական լուրջ հիմքերի վրա է դրված:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am