Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ-իրանական գրական ընդհանրություններն ընդգծվեցին «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» միջոցառմանը

Հայ-իրանական գրական ընդհանրություններն ընդգծվեցին «Ակնթարթներ Սաադիի և 
Իսահակյանի հետ» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ ամիս պարսից դասական պոետների հետ» նախաձեռնության շրջանակում մայիսի 21-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները տարբեր լեզուներով ընթերցեցին Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» ստեղծագործությունը, ներկայացրին Սաադիի կյանքն ու գործունեությունը, իսկ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները միջոցառումը զարդարեցին երաժշտական կատարումներով:

Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանն ասաց, որ միջոցառումը ներկաների առջև կբացի հայ և պարսիկ ժողովուրդների հոգևոր հարստությունը, ժողովուրդների, որոնք կենսունակ են իրենց մշակույթով: «Հայերն ու պարսիկներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են և ծանրակշիռ ավանդ ունեն համաշխարհային մշակույթի մեջ»,-ընդգծեց Խորենյանն ու հավելեց, որ ընտրել են «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» խորագիրը, որովհետև Իսահակյանն առնչություն ունի պարսից գրականության հետ, ինչը բազմիցս արտահայտվել է նրա ստեղծագործություններում:

Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի խոսքով՝ հայ գրականության մեջ Իսահակյանը, իսկ պարսից գրականության մեջ Սաադին խոսքի մեծ վարպետներ են, որոնք ամենախոր, ամենամարդկային, ամենակարևոր գաղափարները պարզ լեզվով արտահայտել են իրենց ստեղծագործություններում և հասցրել  իրենց ընթերցողին:

«Նրանք մեծ պոետներ են, որոնք մեծ ուշադրություն են դարձրել հասարակությանն ու տառապել են նրա խնդրով և բարձրաձայնել այդ ամենն իրենց գործերով: Սաադին և Իսահակյանը գրում են պոեզիա, բայց արձակում ևս մեծ հաջողությունների են հասել: Հայտնի է, որ Սաադին Իրանի բացառիկ պոետներից է, որ կարողացել է ստեղծագործել գրեթե բոլոր գրական ժանրերում. նույնը կարող ենք ասել Իսահակյանի մասին: Նրանց ընդհանրություններից է նաև այն, որ երկուսն էլ ժամանակի բերումով հարկադրված են եղել  հայրենիքից հեռու լինել և հավերժ ճամփորդել»,-շեշտեց նա:

Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայիի համոզմամբ՝ պարսից գրականությունը խորթ չէ հայ գրողերին, սակայն Իսահակյանի գրականության մեջ սերն արևելքի հանդեպ վառ է արտահայտվել:

Նա հիեցրեց, որ Ավետիք Իսահակյանը, ոգեշնչվելով Սաադիի գրականությամբ, գրել է իր գրական գլուխգործոցներից մեկը՝ «Սաադիի վերջին գարունը», որը նվիրել  է հենց Սաադին:

«Աբու-Լալա Մահարի»  ստեղծագործության մեջ էլ նկատում ենք ոչ միայն արևելքի ազդեցությունը, այլև հենց պարսից գրականության»,-նշեց ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդն ու ընդգծեց, որ նման միջոցառումները անհրաժեշտ են, որ հայերն ու պարսիկները  ճանաչեն միմյանց գրականությունը, մշակույթը, իսկ  Իսահակյանի և Սաադիի նման մեծությունները կարող են նպաստել  մշակութային վերածննդին:

Միջոցառումը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդական կրթական և մշակութային կամուրջ» միության «Իրանի գրականության և մշակույթի սիրահարներ» ակումբը՝ համագործակցելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթայի կենտրոնի, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի և Վալեր Բրյուսովի անվան Երևանի պետական համալսարանի հետ:

Իրանում գարունը պարսիկ պոետների մեծարման շրջան է համարվում:

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը ապրիլի 21-ից սկսել է «Մեկ ամիս պարսից դասական պոետների հետ» խորագրով միջոցառումները, որոնք մեկնարկել են Սաադիին նվիրված ցերեկույթով և ավարտում են մեծ գրողին նվիրված նախաձեռնությամբ: Միջոցառումների շրջանակում կազմակերպվել է պարսից պոեզիային նվիրված մրցույթ, պարսից պոեզիային նվիրված սկավառակ է թողարկվել, ցերեկույթներ են կազմակերպվել՝ նվիրված Օմար Խայամին և Ֆիրդուսիին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]