Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հուլիս

Գործարկել ենք մեխանիզմ, որը նախատեսվում է թե քաղաքական, և թե ուժային լուծում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Գործարկել ենք մեխանիզմ, որը նախատեսվում է թե քաղաքական, և թե ուժային լուծում. 
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելով գործարկել է ռազմաքաղաքական անվտանգության մի մեխանիզմ, որը նախատեսում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական, ուժային լուծումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում:

«Քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ այստեղ գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը, որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ աղմուկի մեջ հիմնավորել, թե ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակել, ով որտեղ պետք է լիներ»,-ասաց Փաշինյանը:

Գործի է դրվել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը: Նա հիշեցրեց, որ մայիսի 13-ի երեկոյան  հանձնարարական է տվել գործարկել պայմանագրով նախատեսված մեխանիզմները: Մայիսի 14-ի կեսօրից հետո բոլոր փաստաթղթերը հասցվել են հասցեատերերին: Նամակը պետք է ուղղվի ՀԱՊԿ խորհրդի նախագահողին, որից հետո առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը, ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ:  Փաշինյանն ընդգծեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի առաջնահերթություն է ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծել ռազմաքաղաքական, քաղաքական եղանակներով: Բայց նախատեսված է նաև ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար որոշում կայացնել և ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելու կամ հետ մղելուն ուղղված գործողությունների իրականացում:

«Այսինքն՝ հիմա մենք գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մի մեխանիզմ, որտեղ նախատեսվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական, ուժային լուծումներ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]