Հասարակական

Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին

4 րոպեի ընթերցում

Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է երկրորդ հոդվածով, քանի որ չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմել 2-րդ, այլ ոչ թե 4-րդ հոդվածով:

«Ես չգիտեմ, թե ինչու է հենց երկրորդ հոդվածով դիմել, բայց ես, ուսումնասիրելով փաստաթուղթը, եկել եմ այն եզրահանգման, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք դեռևս կրակել ենք երկրորդ հոդվածի փամփուշտը, և ոչ չորրորդ: Սա նշանակում է, որ մենք միանգամից ՀԱՊԿ-ից զորք չենք ուզել, որովհետև մենք էլ զորք ունենք, պետք լինի, մենք մեր զորքով կմիջամտենք: Որից հետո, եթե դա դառնա մեծ էսկալացիա, բնականաբար 4-րդ հոդվածը կսկսի գործել՝ մեր դիմումի լույսի ներքո»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Հայաստանը դիմել է 2-րդ հոդվածով՝ իրազեկելով, որ ադրբեջանական կողմի այս քայլը ուժի գործադրման ակնհայտ սպառնալիք է: Նա նկատեց, որ եթե այս խնդիրը չկարգավորվի, ապա ռազմական նոր կոնֆլիկտ կլինի ՀԱՊԿ տարածքում:

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված: Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում