Փաշինյանը Պուտինին օգնության համար չի դիմել, ՌԴ նախագահը անվտանգության խորհրդի խորհրդակցություն կհրավիրի․ Պեսկով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Ռուսաստանի կողմից օգնության հարցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որում նշված է հրադադարի անհրաժեշտության մասին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։
Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև կունենա մի քանի հանդիպումներ եւ խորհրդակցություններ։
Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: