Հասարակական

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մեծ Այրում համայնքի ղեկավարին և նրա եղբորը

3 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մեծ Այրում համայնքի ղեկավարին և նրա եղբորը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարին և նրա եղբորը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձևականորեն ձևակերպել է վարորդի պաշտոնում:

Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:

Համայնքի ղեկավարի եղբայրն իր հերթին, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, փաստացի կատարելով վարորդի պարտականությունները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացված ամենամյա դիմում-հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, չունի այլ եկամուտներ և խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել 1.706.000 ՀՀ դրամ նպաստի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում