Հասարակական

Երևանում արդեն երկրորդ անգամ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած

2 րոպեի ընթերցում

Երևանում արդեն երկրորդ անգամ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում ապրիլի լույս 30-ի գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել. 77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից:

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները, ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտները, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:

Նման դեպք գրանցվել էր նաև ապրիլի 7-ին. 72-ամյա պացիենտներից մեկը կրկին գիշերը հիվանդասենյակի պատուհանից նետվել էր ցած։ Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել էր բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո նա չէր փոխել իր կարծիքը և հրաժարվել էր բուժումից: Լուսադեմին գտել էին նրա դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում