Պաշտոնական

Արարատ Միրզոյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ կարեւոր էր ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ:

Կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման եւ դրանում Ֆրանսիայի կարեւոր դերի վերաբերյալ հարցեր:

Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող եւ Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը:

Արարատ Միրզոյանը եւ ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության եւ արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում