Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպացի պատգամավորները Եվրանեսթ ԽՎ-ում շեշտել են գերիներին վերադարձնելու Ադրբեջանի պարտավորությունը

Եվրոպացի պատգամավորները Եվրանեսթ ԽՎ-ում շեշտել են գերիներին վերադարձնելու 
Ադրբեջանի պարտավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում եվրոպացի պատգամավորները շեշտել են, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պայմանավորվածությունները՝ վերադարձնելով հայ ռազմագերիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին հայկական պատվիրակության անդամները՝ մանրամասներ ներկայացնելով ապրիլի 19-20-ը առցանց տարբերակով անցկացված նիստերից:

Ապրիլի 19–ին տեղի են ունեցել չորս հանձնաժողովների նիստեր, որոնցում ելույթ են ունեցել հայկական պատվիրակության անդամները: Վիկտոր Ենգիբարյանը, որը քաղաքական հանձնաժողովի անդամ է,  տեղեկացրեց, որ անդրադարձել են Արևելյան գործընկերության պետություններում եվրոպական ինտեգրման հետ կապված հարցերի: «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ մարտի 1-ից արդեն ուժի է մեջ է մտել Հայաստան-ԵՄ համաձայնագիր»,- ասաց պատգամավորը:

Վեհաժողովում լայն քննարկում է տեղի ունեցել կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների առնչությամբ, շեշտադրումներ են եղել անվտանգության հարցերի շուրջ, բանավեճի ընթացքում ելույթներ են ունեցել նաև հայկական պատվիրակության անդամները: «Մեզ համար առաջնահերթ կարևոր է եղել շեշտադրումներ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ֆիքսված ռազմագերիների վերադարձի հարցին: Ադրբեջանական կողմը պարտավորությունը մինչև այժմ, ցավոք, չի կատարել: Այս հարցի շուրջ եվրոպական գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս: Ելույթ ունեցան եվրոպացի մի խումբ պատգամավորներ՝ նշելով, որ Ադրբեջանը անպայման պետք է կատարի իր պայմանավորվածությունները»,- ասաց Ենգիբարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորները ԽՎ-ում խոսել են նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մասին՝ շեշտադրումներ կատարելով Բաքվի «պուրակի» մասին: Նրանք բարձրացրել են նաև հայկական մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը: Իսկ լիագումար նիստի սկզբում ուղերձով է հանդես եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ելույթներ են ունեցել նաև Ուկրաինայի, Վրաստանի ԱԺ նախագահները: Ադրբեջանի մեջլիսի նախագահը, սակայն, ելույթ չի ունեցել: «Դա մեզ հուշում է, որ ադրբեջնական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքներով, քանի որ նրանց առաջադրած բոլոր հակահայկական կետերը՝ տարբեր բանաձևերում դուրս են մղվել»,- ասաց Ենգիբարյանը:

Պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել է հայկական պատվիրակության համահեղինակած բանաձևը:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am