ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման շնորհիվ 24 տարում փրկվել է 13 հազար մարդու կյանք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ամերիկյան կենտրոնում 24 տարվա ընթացքում կատարվել է 707 հազար հետազոտություն, որի մեծ մասը եղել է կանանց կրծքագեղձի ստուգում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
«Ընդհանուր առմամբ կատարված հետազոտությունների արդյունքում ունեցել ենք 13 հազար վաղ ախտորոշման դեպք, ինչի շնորհիվ այդքան կին այսօր առողջ է և շարունակում է ապրել։ Այսքան տարվա ընթացքում 75 տղամարդու մոտ նույնպես հայտնաբերել ենք կրծքագեղձի քաղցկեղ, քանի որ տղամարդիկ էլ անմասն չեն մնում այս հիվանդությունից։ 2020 թվականին մեր կենտրոնում եղել է 53 հազար, իսկ 2019 թվականին՝ 50 հազար հետազոտություն»,- նշեց Հակոբյանը և հավելեց, որ օրական կենտրոնում իրականացվում է 5-6 վիրահատություն։
Խոսելով երեխաների մոտ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման մասին՝ բանախոսն ասաց, որ իրենց մոտ ամենաերիտասարդ պացիենտը, ում մոտ նախորդ տարի ախտորոշվել է այդ հիվանդությունը, եղել է 16 տարեկան աղջիկ։
«Ցավոք, 20-ից բարձր տարիքի կանանց մոտ սկսել է ավելի հաճախ հանդիպել հիվանդությունը»,- ընդգծեց Խաչանուշ Հակոբյան։
Անդրադառնալով կանանց միամսյակին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածին, Հակոբյանն ասաց, որ բժշկական կենտրոններում զեղչերի դեպքում, այցելուների թիվը շատ մեծ է լինում։ Հակոբյանի խոսքով նրանց թիվն օրական հասնում է մոտ 250, անգամ մինչև 300։
«Հորդորում եմ կանանց ավելի շատ և հաճախ ստուգվել, հետևել առողջությանը և չսպասել միամսյակին։ »,- նշեց Հակոբյանը։