Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է. Փաշինյան

Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ չի եղել ինստիտուտ, որ իրեն զեկուցի Արցախի վերջին պատերազմի անխուսափելիության մասին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Բագրատյանը նշեց, որ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո առնվազն տեղեկություններ կային, որ Թուրքիան նույնպես մասնակցելու է Արցախի պատերազմին: «Ենթադրվում էր, որ պատերազմ է լինելու, արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ ՀՀ-ն էլ դիմեր իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին և հարավ-արևելյան թևով համատեղ զորախմբով ստեղծվեր թիկունք, որ պատերազմ սկսելու պայմաններում վստահ լինեինք, որ համատեղ զորախմբի միջամտությունը կարող է լինել շատ օպերատիվ»,-հարցրեց պատգամավորը:

Փաշինյանը նախ վստահեցրեց, որ հայ-ռուսական անվտանգային համակարգը և համատեղ զորախումբը եղել է,  կա և կլինի ամուր, այդ թվում՝ պատերազմի ընթացքում: «Այսինքն՝ պատերազմի ընթացքում եղել է ամուր, քանի որ այդ զորախմբի տրամաբանությունը եղել է հետևյալը, որ եթե լինի հարձակում Հայաստանի տարածքի վրա, Ռուսաստանի և Հայաստանի միացյալ խմբավորումը կդիմակայի այդ հարձակմանը համատեղ: Խնդիրն այն է, որ «դե յուրե» Հայաստանի տարածքի վրա հարձակում չի եղել, եղել են մի քանի միջադեպեր, որոնք հետագայում ռազմաքաղաքական ճանապարհով կանխվել են: Սահմանային միջադեպեր եղել են, բայց հարձակում Հայաստանի տարածքի վրա չի եղել»,-ասաց նա:

Վարչապետը վստահեցրեց, որ եղել են երաշխիքներ, որ եթե ՀՀ տարածքի վրա տեղի ունենա հարձակում, Ռուսաստանը իր բոլոր պայմանագրային և դաշնակցային պարտավորությունները կկատարի:

Անդրադառնալով պատերազմի անխուսափելիության մասին հարցին՝ նա նշեց. «Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց-որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ սա ապացուցող փաստեր նույնպես կան:

Վարչապետը, սակայն, հիշեցրեց, որ դեռ 2020-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել է պատերազմը կանգնեցնելու պայմանները: Նա նշեց, որ փոխզիջումների մասին իր խոսքը բուռն հակազդեցության է արժանացել:

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ: 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով զինադադար է հաստատվել Լեռնային Ղարաբաղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am