Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ օդանավի դատարկ վերադարձի մասին

Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ 
օդանավի դատարկ վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գերիների` Հայաստան վերադարձի վերաբերյալ եղել են պայմանավորվածություններ, սակայն դրանք խախտվել են. չգիտի, թե ինչ պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունը չգիտե՞ր, որ ապրիլի 8-ին օդանավը Բաքվից դատարկ է գալու: 

«Իհարկե, ոչինչ չգիտեին: Օդանավի մեջ, ենթադրում եմ, Մուրադովը (Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ-հեղ.) պետք է լիներ և կար: Եվ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են: Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պետք է գնար»,-ասաց Քոչարյանը:

Նա պատճառների մասին դեռ չգիտի, սակայն ենթադրում է, որ հակառակորդը հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել: Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանը գերիներին պահում է` առաջին հերթին Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, այդ հարցը տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ: «Շարունակելու ենք գերիներին վերդարձնելու գործընթացը՝ տարբեր ձևերով»,-ասաց Քոչարյանը:

Պատգամավորը վստահեցնում է, որ գերիների հարցերով տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան: Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը բարձրացվեց ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը: «Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց` ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը: Դրանով է պայմանավորված, որ գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու Հայաստան»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո կհաջողվի՞ լուծել գերիների հարցը՝ Քոչարյանը պատասխնեց, որ դա չի կարող չլուծվել՝ վստահեցնելով, որ դա պետության առաջնահերթ պարտավորություններից մեկն է լինելու և կա:

Ապրիլի 8-ին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանից օդանավով Հայաստան է վերադառնում գերիների խումբ, ավելի ուշ համացանցում լուրեր տարածվեցին, թե ինքնաթիռը դատարկ է եկել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն «Արմենպրես»-ին պարզաբանեց` գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am