Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ակտիվացնել դուդուկի հանրահռչակումը. Երևանում կանցկացվի Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն

Ակտիվացնել դուդուկի հանրահռչակումը. Երևանում կանցկացվի Դուդուկահարների 
միջազգային մրցույթ-փառատոն

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 5-ից մայիսի 5-ը կանցկացվի Դուդուկահարների միջազգային  մրցույթ-փառատոն: Միջոցառման նախաձեռնող, դուդուկահար, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Էմմանուել Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ մրցույթ-փառատոնն անցկացվելու է երեք փուլով: Մասնակիցները մինչև 22 տարեկան երաժիշտներ են:

«Մի քանի փուլով ներկայացնելու ենք հայկական ժողովրդական երաժշտության տարբեր ճյուղեր՝ հոգևոր, աշուղական, պարային, ծիսական ստեղծագործություններ և այլն: Բավական մեծ թվով մասնակիցներ ունենք՝ այդ թվում արտասահմանից, ովքեր հետաքրրքված են հայկական երաժշտությամբ՝ Ռուսատանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Բելգիայից: Նրանք ազգությամբ հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ են»,-ասաց Էմմանուել Հովհաննիսյանը: Նպատակն այն է, որ աշխարհին ցույց տանք դուդուկի հայկական լավագույն դպրոցը, և այն, որ դուդուկի լավագույն վարպետները միշտ հայերն են եղել: Նա ընդգծեց, որ այսօր արդեն ունենք վարպետների հետևից գնացող սերունդ, որն ապագայում նույնպես կապացուցի հայկական դուդուկի լավագույնը լինելու իրողությունը:

«Մրցույթի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ տեսանք, որ ադրբեջանցի երաժիշտներից մեկը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում դուդուկ նվագեց: Միգուցե փորձում էին տիրանալ նաև մեր մշակույթին: Քանի որ մենք ունենք դուդուկահարների լավագույն բանակը, հետևաբար շատ արագ նման նախաձեռնությամբ հանդես եկանք: Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցների ելույթները ձայնագրվելու, տեսագրվելու և սոցիալական հարթակներում լայն տարածվելու են»,- ասաց Էմմանուել Հովհաննիսյանը:

 Ինչպես ասում է համաշխարհային երաժշտության ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչ, լրագրող Արմեն Մանուկյանը՝ դուդուկը, հայկական ժողովրդական գործիքները աշխարհում տարածելու գործում դեռ շատ անելիքներ կան: Անհրաժեշտ է համակարգված, ակտիվ գործունեություն այդ հարցում:

«Ես վերջին տարիներին նկատում եմ, որ այն երաժշտական ալբոմներում, որտեղ հնչում է դուդուկ, այն ներկայացված է կամ մեր հարևան կամ եվրոպական երկրներից: Ոչ մի տեղ չի նշվում, որ այն հայկական երաժշտական գործիք է: Ես հույս ունեմ, որ այս մրցույթ-փառատոնը նոր ալիք կբարձրացնի դուդուկի զարգացման, տարածման գործում, ի հայտ կգան նոր դեմքեր, կլինեն ձայնագրություններ»,- ասաց Արմեն Մանուկյանը:

«Գուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն էսկենյանի խոսքով, սա իսկապես մեծ նախաձեռնություն է, որի շուրջ համախմբվել են լավագույն դուդուկահարները:

«Դուդուկահարների մոտ շատ բան է պահպանված մեր հայկական երաժշտության կատարողականության հետ կապված: Այն, ինչը գործածության մեջ է և տեր ես լինում, մնում է քոնը, իսկ երբ ուշադրություն չես դարձնում, ուրիշներն են փորձում այդ արժեքներն իրենց վերագրել, այսպես ասած, իրենցով անել: Այստեղ կարևոր է մեր կողմից բարձր կատարողական մակարդակով մեր նվագարանները ներկայացնելը: Կարևորելով այս մրցույթ-փառատոնը՝ կուզենայի, որ մեր մյուս նվագարանների հետ կապված ևս նման նախաձեռնություններ լինեն»,-ասաց Լևոն Էսկենյանը:

Մրցույթ-փառատոնի պատվավոր հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանն է: Ժյուրիի կազմում կլինեն այնպիսի երաժիշտներ, որոնց վաստակը թույլ չի տա կասկածել մրցույթի հեղինակությանը: Արցախից ժամանող դուդուկահարներին անակնկալներ են սպասում՝ անկախ նրանից մրցանակների կարժանանան թե ոչ: Առաջին մրցանակակիրները հնարավորություն կունենան Հայաստանի Հանրային ռադիոյում ձայնագրելու CD՝  բաղկացած իրենց կատարումներից: Երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես ձայնագրվելու հնարավորություն կունենան:

Լավագույն մասնակիցները կհամագործակցեն հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am