Հասարակական

Ձնաբքի պայմաններում կորած զինծառայողներից մեկը մահացել է․ մյուսի վիճակը գնահատվում է ծանր

2 րոպեի ընթերցում

Ձնաբքի պայմաններում կորած զինծառայողներից մեկը մահացել է․ մյուսի վիճակը գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնում զինառայողների վերաբերյալ, որոնց հետ կապը մարտի 21-ին կորել էր խիստ ձնաբքի պայմաններում N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։

Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում