Մշակույթ

Կամերային երաժշտական թատրոնը հանդես կգա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված առաջնախաղով

4 րոպեի ընթերցում

Կամերային երաժշտական թատրոնը հանդես կգա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված առաջնախաղով
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Պետական կամերային երաժշտական թատրոնը մարտի 25-ին հանդիսատեսի դատին կհանձնի «Փրկության հրեշտակը» ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման հիմքում Հալեպի «Էմմանուել» հայ ավետարանական եկեղեցու հովիվ վերապատվելիՀովհաննես Էսքիջյանի կյանքն ու սխրագործությունն է: Էսքիջյանը դարձել է «փրկության հրեշտակ» Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայ մանուկների համար: Նա, Գարլըքի և Հալեպի երկաթգծի կայարաններից մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, գնել է հայ որբերին, վերարկուի տակ թաքցրած իր տուն տարել, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտել նրանց համար:

Բեմադրիչ Նունե Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ներկայացումը վավերագրական հիմքեր ունի: «Օգտվել եմ գերմանացի պատմաբան, լուրջ աշխատությունների հեղինակ Հիլմար Կայզերի «Դեր Զորի խաչմերուկներում» հայերեն թարգմանված գրքից, որում ներկայացվում է մարդասիրական դիմադրությունը Հալեպում 1915-1917 թվականներին: Գլխավոր հերոսը Հովհաննես Էսքիջյանն է, որն այդ տարիներին ընդհատակյա մարդասիրական դիմադրության մասն է եղել: Էսքիջյանը բազմաթիվ հայ որբերի է փրկել: Այդ երեխաները նրան անվանել են «փրկության հրեշտակ»: Շատերը նրա իրական անունը չեն իմացել»,-պատմում է Աբրահամյանը: «Մենք պարտավոր ենք անել այն, ինչ կարող ենք բոլոր հնարավոր ճանապարհներով փրկելու ևս մեկ հայի կյանք»,- ասում էր Էսքիջյանը:

Նա դա անում էր կյանքի գնով՝ ամեն վայրկյան մահվան վտանգը զգալով: Մի կողմից թուրքական կառավարության սպառնալիքներն էին, մյուս կողմից` հայ որբերի տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Էսքիջյանի երկրային կյանքն ավարտվել է 1916 թվականին՝ տիֆի պատճառով: Նա վարակվել էր իր փրկած մանուկներից: Հենց այդ ժամանակ արդեն թուրքական կառավարությունը որոշում էր կայացրել ձերբակալել Էսքիջյանին և կախաղան բարձրացնել:

Այժմ Միացյալ Նահանգներում նրա փրկած երեխաների սերունդներն են ապրում, իսկ Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանում, որը 1993 թվականին հիմնադրել է ճարտարապետ-նախագծող, բարեգործ Լյութեր Էսքիջյանը հայոց մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու նպատակով, Էսքիջյանի մասին մեծածավալ տեղեկություններ են պահպանվում: Նունե Աբրահամյանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էլ գործում է մի սրահ, որում ներկայացվում են արևմուտքում գործող հայ մտավորականների, հոգևոր դասի ներկայացուցիչների հսկայական աշխատանքներ: Մի պատն ամբողջությամբ նվիրված է Հովհաննես Էսքիջյանին:

Ռեժիսորին գրավել է Էսքիջյանի քաջությունը, անասելի դժվար ժամանակներում կատարած հսկայածավալ, հայրենանվեր գործը: Կարծում է՝ «Փրկության հրեշտակը» ներկայացումն արդիական է. այն ոչ միայն անդարադառնում է Հայոց ցեղասպանությանը, այլև ունի հստակ ուղերձ: «Դժվար ժամանակներում ենք ապրում. հուսալքված ենք: Իսկ Հովհաննես Էսքիջյանը կարողացել է արհամարհել ամեն բան ու լավ գործ անել նույնիսկ թուրքերով շրջապատված իրավիճակում: Ներկայացման մեջ կան նրա բազմաթիվ խոսքեր, արտահայտություններ, որոնք հստակ նշանակություն ունեն: Օգտագործել ենք նաև վավերագրական կադրեր: Էսքիջյանը ցույց է տալիս հայ մարդու անպարտելի ոգին»,-ընդգծում է Աբրահամյանը:

Ներկայացման մեջ Հովհաննես Էսքիջյանին մարմնավորում է Սմբատ Ստեփանյանը, Արա Գևորգյանը թուրք կառավարչի դերում է: Էսքիջյանի կնոջ՝ Գուլենիայի կերպարը կերտել է Անահիտ Կիրակոսյանը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում