Սոցապ նախարարությունը ծնելիությունը խթանող օրինագիծ է մշակել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ծնելիության խթանմանը և բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը նպաստող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- գրել է Առաքելյանը:
Այդ նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝ դրամական աջակցություն,առողջության ապահովագրություն,բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,բնակարանի/տան տրամադրում,կրթության վճարի փոխհատուցում,պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
«Այսպիսով, բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը: