Պատմության հետագծով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թ. մարտի 1-ին Երեւանում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքի ցույցերի ժամանակ բախումների զոհ դարձավ 10 մարդ:
-1995 թ. մարտի 1-ին Հայաստանում սկսվում է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։
-1867 թ. մարտի 1-ին ծնվել է Նար-Դոսը (Միքայել Զաքարի Հովհաննիսյան)՝ հայ գրող։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկային ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ են արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։
-1998 թ. մարտի 1-ին «Տիտանիկը» դառնում է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմն աշխարհում։
-2002 թ. մարտի 1-ին Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինում է եվրոն:
-1901 թ. մարտի 1-ին ծնվել է Սարմենը՝ հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը: Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) եւ անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։
-1992 թ. մարտի 1-ին Բոսնիան եւ Հերցեգովինան իրենց անկախ են հայտարարում Հարավսլավիայից։
-1889 թ. մարտի 1-ին ծնվել է Արշավիր Խոնդկարյանը՝ հայ թարգմանիչ։ Կրել է Անվեհեր, Շեշտ, Պսպոր ծածկանունները։
-1889 թ. մարտի 1-ին ծնվել է Հովհաննես Թադեւոսյանը՝ հայ նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ:
Մ. Ա.