Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների մասին

Իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ. Նիկոլ Փաշինյանը՝ 
գերիների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:

Հարցին՝ գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ, վարչապետը պատասխանել է. «Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:

Ընդ որում` էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց»:

Վարչապետն ընդգծել է, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: «Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»,- ասել է վարչապետը:

Լրագրողը նկատել է, որ հայկական կողմը պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում է անթերի, իսկ մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: «Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով»,- հարցրել է Նվեր Մնացականյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր կարծիքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի: «Մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»,- ասել է վարչապետը:

Ճշտող հարցին՝ իրական հնարավորությունը կա՞, վարչապետը դրական պատասխան է տվել: «Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ,  այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասել է նա:      

Կառավարության ղեկավարը նշել է՝ քանի դեռ տեսնում են, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են՝ պիտի շարունակեն աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն: Վարչապետը հիշեցրել է, որ մինչև այս պահը 69 գերի է վերադարձվել:     

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]