Իշխան Սաղաթելյանը հայտնեց համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում ստեղծելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում անցկացվող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին լինել ակտիվ և իրենց բողոքի ձայնն արտահայտել յուրովի՝ միաժամանակ հայտարարելով համահայկական ներկայացուցչական ֆորում ստեղծելու նախաձեռնության մասին:
«Այն քաղաքացիները, որոնք հոգով, սրտով մեզ հետ են, բայց ինչ-ինչ պատճառներով Ազատության հրապարակում չեն, հորդորում եմ լինել ակտիվ: Եկեք կանգնեք մեր կողքին, որ կառուցենք մեր վաղվա Հայաստանը: Ուզում եմ տեղեկացնել համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում ստեղծելու մասին: Այս պահից սկսած այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է: Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին: Այդ հարթակում մեկտեղվելու են ռեսուրսներ, ծրագրեր, ձևակերպվելու է նոր օրակարգ՝ վերածննդի ծրագիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ ևս նշեց, որ նահանջ չի լինելու, շարունակելու են պայքարը, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն: