Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջրային ռեսուրսների կուտակման խնդիրներ չենք ունենա. վարչապետ

Ջրային ռեսուրսների կուտակման խնդիրներ չենք ունենա. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանխատեսումները թույլ են տալիս ասել, որ այս տարի ջրային ռեսուրսների կուտակման խնդիրներ չենք ունենա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գարնանացանի խնդիրներին։

«Եղանակային պայմաններն այս պահի դրությամբ բարենպաստ են։ Սակայն մենք արդեն իսկ համապատասխան նախարարությունների հետ խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ և արդյունավետ բաշխվածության հետ կապված պետք է շատ լուրջ աշխատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս տարի ոռոգման հարցով ո՛չ լոլիկագործները, ո՛չ էլ խաղողագործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել։

Վարչապետն ասաց՝ մարտին մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, մարզպետարանների ու համայնքապետարանների հետ պետք է սերտ աշխատել, որ խնդիրների մասին իմանան նախապես ու դրանց չծագելու ուղղությամբ աշխատեն, այլ ոչ թե խնդիրը առաջանա, և մարդիկ իրենց ասածը բարձրաձայնելու այլ եղանակներ փնտրեն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ ամեն ինչ կանեն քաղաքացիներին գոհացնելու համար, բայց յուրաքանչյուր բողոք հիմնավորվածություն ունի: 

«Երբեմն սակագնի իջեցման բողոքի մասին է խոսքը, երբեմն այն վայրերը, որտեղ ջրի հասանելիություն չի եղել անգամ խորհրդային տարիներին, այդտեղ ջուր հասցնելու խնդիրն է: Պետք է ժամանակին դիմել Ջրօգտագործողների ընկերություն, ներկայացնել հայտ, որպեսզի կարողանան ապահովել ջուրը: Այսինքն՝ առանց հայտ ներկայացնելու ուղղակի չեն կարող ջուր ունենալ: Խնդրում եմ մեր քաղաքացիներին պարտաճանաչ լինել այս հարցում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ ժամկետից շուտ, անգամ եթե հայտ լինի, Ջրօգտագործողների ընկերությունը ելք կգտնի ու ջուր կտրամադրի:

«Առանց համագործակցության հնարավոր չէ ստանալ ջուր ու անել տնկարկ: Խոսքն անհատ տնտեսություններին ու սուբյեկտներին է վերաբերում, որոնք դրա կարիքն ունեն, իրենք Ջրօգտագործողների ընկերությունների շահառուներ են, պայմանագրեր ունեն: Պիտի դիմեն ընկերությանն ու ստանան համապատասխան ջրաքանակը»,- նշեց Պապիկյանը:

Վարչապետը հավելեց, որ գյուղացու հետ պետք է ազնիվ խոսել ու ասել, թե որ խնդիրն է հնարավոր հրատապ լուծել, որ խնդիրն է, որ երկարաժամկետ լուծում է պահանջում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ ջուրը թե՛ անվտանգություն է, թե՛ գյուղատնտեսություն, թե՛ տուրիզմ, թե՛ էներգետիկա և շատ լուրջ ու ֆունդամենտալ մոտեցման կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է Ազատան համայնքի ղեկավարության հետ ու քննարկել են կարգավորիչ ջրամբար կառուցելու հարցը, որը շատ փոքր ներդրումով թույլ է տալու 600-1000 հեկտար լրացուցիչ ոռոգվող հողատարածք ունենալ:

«Կարծում եմ՝ շատ լավ օրինակ է: Եվ կարելի է կոչ անել համայնքներին այդպիսի փոքր պրոյեկտներ ներկայացնել մեզ, ու մենք էլ կփորձենք հնարավորինս արագ արձագանքել»,- նշեց Վահան Քերոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]