Հասարակական

Պատգամավորը օրվա հրամակայան է համարում Սյունիքի ենթակառուցվածքային ամբողջ համակարգի վերաձևավորումը

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը օրվա հրամակայան է համարում Սյունիքի ենթակառուցվածքային ամբողջ համակարգի վերաձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով՝ հրատապ կերպով պետք է սկսել Տաթև-Կապան ճանապարհի հիմնանորոգումը, նաև Կապան-Ճակատեն տանող ճանապարհի այլընտրանքի կառուցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հայտարարություններին ժամին:

Պատգամավորը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհն այժմ անցնում է Ադրբեջանի տարածքով: Գրիգորյանի տեղեկությամբ՝ նախօրեին Կապան-Ճակատեն ճանապարհին, որը համատեղ հսկում են հայ, ռուս և ադրբեջանցի սահմանապահները, միջադեպ է տեղի ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը փորձել է սադրանք իրականացնել՝ տեղադրելով իր հերթական վահանակը: «Այդ միջադեպի արդյունքում ադրբեջանցի սահմանապահներն այժմ տեղակայվել են ճանապարհին շատ ավելի մոտ: Սահմանամերձ դարձած 50-ից ավելի բնակավայրեր այսօր գտնվում են անորոշության մեջ: Բազմաթիվ մարդիկ վերցրել էին գյուղատնտեսական վարկեր, իսկ այժմ կորցրել են արոտավայրերը, գյուղատնտեսական նշանակության հողերը և իրենց պարտքերի հետ մնացել են միայնակ»,-ասաց նա:

Գրիգորյանի կարծիքով՝ սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել և չեն իրականացվում:

«Օրվա հրամայականն է վերաձևավորել Սյունիքի ենթակառուցվածքային ամբողջ համակարգը, հրատապ կերպով պետք է սկսել Տաթև-Կապան ճանապարհի հիմնանորոգումը: Հրատապ է նաև Կապան-Ճակատեն տանող ճանապարհի այլընտրանքի կառուցումը: Սրանք այն հարցերն են, որոնք օր իսկ չպետք է հետաձգվեն»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, թե խնդիրները շարունակում են կախված մնալ օդում:

Ըստ պատգամավորի՝ պատերազմում պարտված իշխանությունը անցնցում պետք է հեռանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում