Հասարակական

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում:

Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են:

«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում