Մենք պարտավոր էինք լինել պատերազմի դաշտում. կամավորները՝ զինվորների անկոտրում ոգու մասին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում է կենտրոնացված երկրի գիտական ներուժի մեծ մասը, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնը ԳԱԱ համակարգի հիմնարար ինստիտուտներից մեկն է, որտեղ իրականացվում է մագիստրոսական և ասպիրանտական կրթություն։ Կենտրոնի ուսանողները մշտապես համալրել են երկրի կադրային դարբնոցը՝ աչքի ընկնելով իրենց մարդկային և մասնագիտական որակներով։ Արցախյան պատերազմը չէր կարող անտարբեր թողնել Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին. նրանցից շատերը ակտիվ մասնակցություն ունեցան մարտական գործողություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետը զրուցել է առաջնագծում կռված հերոս ուսանողներից երկուսի՝ Մանուել Մանուկյանի և Էդուարդ Մանուկյանի հետ:
Մանուել Մանուկյանը ծանր վիրավորվել էր երկու ձեռքից և աջ ոտքից: Սիսական ջոկատի և առաջնագծի քաջ տղաներին հոջողվել էր նրան դուրս բերել դիրքից:
«Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մասին, 6 ընկերներով երեկոյան ժամը 18:00-ին մեքենայով շարժվեցինք Արցախ: Սեպտեմբերի 28-ին Հադրութի զորամասում էինք, որտեղ ծառայել եմ 2014-2016 թվականներին՝ մասնակցել Ապրիլյան պատերազմին: Մենք պարտավոր էինք լինել պատերազմի դաշտում, որովհետև մեր եղբայրները, մեր 18 տարեկան անմեղ տղերքն այնտեղ էին, պարտավոր էինք նրանց օգնության հասնել: Տղաների մարտական ոգին շատ բարձր էր, շատ հզոր էին և վստահ իրենց գործողություններում: Նրանք ոչնչի մասին չէին մտածում, անհամբեր սպասում էին հաջորդ տանկի հայտնվելուն, որ խոցեն: Շատ մեծ ոգևորությամբ և համարձակորեն կռվում էին, անում անհնարինը,-պատմում է Մանուելը:
Նրա ոգևորությունը կրկնապատկվել է, երբ տեսել է, թե ինչպիսի տղերքի կողքին է կանգնած, և ինչ սխրագործությունների են ընդունակ նրանք: Ամենից շատ մտածել են հակառակորդին ոչնչացնելու, նոր տանկեր խոցելու մասին, իրենց համար թանկ ու հարազատ մարդկանց մասին՝ ծնողների, ընտանիքների, ընկերուհիների և ամենակարևորը՝ սուրբ հայրենիքի մասին: Ամեն բան արել են, որ հաղթեն և ոչ մի քայլ չզիջեն թշնամուն: Մանուելը թախիծով է հիշում զոհված ընկերներին:
«Երբեք չեմ մոռանա 4 տանկ խոցած մեր ընկեր Մուշին, որի անվրեպ զարկերից ոչնչանում էին թշնամու տանկերը: Ցավոք, Մուշը, Արտակը և Վանը հերոսաբար զոհվեցին հենց կողքիս՝ իրարից կես մետր հեռավորության վրա: Չորսիցս Աստծո հրաշքով միայն ես ողջ մնացի: Թշնամու տանկերի հակագրոհն էին պատրաստվում կանգնեցնել, երբ ընկան ընկերներս: Երևի Աստված ինձ փրկեց, որ պատմեմ հերոսների մասին և միշտ վառ պահեմ նրանց հիշատակը»,-նշում է նա:
Էդուարդի խոսքով ՝էլ ինքն ու մեծ եղբայրը դեմ են կանգնել ընտանիքի անդամներին, որոնք խուճապի են մատնվել, երբ տղաները կռվի ամենաթեժ օրերին որոշել են գնալ և իրենց պարտքը տալ հայրենիքին:
«Նոր էինք գնացել. 2-րդ կամ 3-րդ օրն էր: Ջոկատով էինք: Մեզ հետ 5 տղա կար: Նրանք պատերազմին մասնակցելու փորձ ունեին, թեպետ դեռ 30 տարեկան էլ չկային: Մի տղա կար մեզ հետ («գիժ» էինք նրան ասում), որը շատ համարձակ էր: Խրամատներում էինք, երբ լսեցինք՝ ԱԹՍ-ների ձայները գնալով մոտենում են: Մեզ զգուշացրել էին, որ ձայն լսելիս անհրաժեշտ է թաքնվել: Հանկարծ նկատեցինք, որ Գիժը դուրս է գալիս խրամատից, փորձում գտնել ԱԹՍ-ն, որ խոցի: Հասցրին կողքի դիրքից գոռալ, որ դա հայկական սարք է: Գիժը շատ դժգոհ հետ վերադարձավ, իսկ երբ հարցրինք՝ ինչու դուրս եկավ, չէ՞ որ ասել էին թաքնվել, պատասխանեց, որ ուզում էր մոտիկից տեսնել: Տղաների մարտական ոգին իսկապես բարձր էր: Բոլորն էլ գիտակցում էին՝ ուր են եկել, ինչի համար, և որ ավելի հավանական է, որ հետ չեն գնա: Տղերքը բոլորն էլ մինչև վերջ կանգնած մնացին իրենց դիրքերում,- պատմում է Էդուարդը:
Նա լիահույս է, որ մարդիկ կսկսեն ավելի լուրջ վերաբերվել թշնամուն, չթերագնահատել նրա ուժը, չդավաճանել հայրենիքը: