ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ պատմության ֆակուլտետում հունվարի 28-ին տեղի է ունեցել հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավորներ, Վահագն Թումասյանի ընտանիքի անդամները, ծառայակից ընկերներն ու հարազատները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից։
«Միջոցառման սկզբում հնչեց տերունական աղոթքը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետև ներկաներին ողջունեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Վերջինս ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով իրականացնել զոհվածների պատգամն ու զարգացնել հայրենիքը:
Այնուհետև պարոն Մինասյանը հյուրերին ներկայացրեց Վահագն Թումասյանի կենսագրությունն ու անցած ուղին. «Վահագն Թումասյանը Պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողներից էր, որն իր կարճատև կյանքի ընթացքում աչքի է ընկել ինչպես կատարած զինվորական սխրագործություններով, այնպես էլ ակադեմիական նվաճումներով»:
2019 թվականին Վահագն Թումասյանն ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ Հայաստանի և հարակից երկրների պատմության մասնագիտությամբ: Նա փայլուն տիրապետում էր թուրքերենին և ադրբեջաներենին, ակտիվ մասնակցում այդ լեզուների ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքներին:
Էդիկ Մինասյանի խոսքով, պատահական չէ, որ լսարանը հենց Վահագն Թումասյանի անունն է կրում, քանի որ հերոսն այս լսարանի ներկա ու ապագա ուսանողներին ոգևորելու է ինչպես իր հայրենասիրական անմահ ոգով, այնպես էլ կրթության նկատմամբ տածած անհագ սիրով. «Այսպիսի լսարանում կրթված ուսանողներն ունենալու են այն նույն ոգին ու հայրենասիրությունը, որոնք ունեին Վահագնն ու իր ընկերները, և շարունակելու են նրանց կիսատ թողած գործը»:
Լինելով մտավորականի զավակ՝ Վահագն Թումասյանը կյանքի փայլուն ուղի է անցել և հերոսաբար զոհվել: Ելույթի վերջում Էդիկ Մինասյանը նշեց, որ ֆակուլտետը երբեք չի մոռանա նաև ֆակուլտետի մյուս զոհված հերոսներին, որոնց անուններն ու լուսանկարները Վահագն Թումասյանի անվան կողքին են:
Ելույթով հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Վահագն Թումասյանին անձամբ ճանաչելու բախտ է ունեցել՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում. «Այդ ծրագրի շրջանակում նա իրեն դրսևորել է ոչ միայն որպես փայլուն ուսանող, այլև հիանալի կազմակերպիչ, որը հնարավոր ամեն ինչ արել է՝ կրթական ծրագիրն ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար»:
Դեկանի խոսքով, Վահագն Թումասյանը հայրենասիրության քայլող օրինակ էր, հայ սպային ընդօրինակելու արժանի դասական կերպար:
Շատ հաճախ միայնակ էր գնում հետախուզական առաջադրանքի՝ խնայելով մարտական ընկերներին, պատմում է հայրը՝ Արամ Թումասյանը:
«Մեր ընտանիքը հպարտ է: Վահագնն իր առաքելությունը կատարեց: Մարտական առաջադրանքի էր գնում հայրենասիրական երգերով: Պատմում են, որ թշնամու հրթիռից ընկնելու պահին, նա մարմնով ծածկել է մարտական ընկերներին: Նրանք հիմա ֆիզիկապես չկան, բայց նրանց ոգին այս պահին մեր նոր բանակի կառուցման հիմքերում է»,-ասաց հայրը:
Դեռ մանկուց էր Վահագն Թումասյանը սիրում զինվորականի մասնագիտությունը: Այդ սերը հատկապես արտահայտվում էր հայրենասիրական երգերի նրա կատարումներով: Մայրը՝ Մարիամ Թումասյանը «Արմենպրես»-ին պատմեց, որ Արցախ՝ ռազմաճակատ մեկնելիս, տնից թաքուն է հեռացել, որպեսզի իրեն չհանդիպի:
«Վերջին անգամ զանգահարել է հորն ու ասել, որ այստեղ եմ: Մենք չգիտեինք, որ նա ռազմաճակատում է: Առաջին օրվանից, երբ սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը, արյունը եռում էր: Թաքուն հավաքել էր իրերը և սպասեց այնքան, մինչև ես աշխատանքի գնացի, նոր մեկնեց ռազմաճակատ: Պատմում են, որ իր ջոկատի տղաներին թիկունքում էր պահել ու կրկին միայնակ գնացել մարտական առաջադրանքի»,-ասաց մայրը:
Զոհված հետախույզի դուստրը՝ Մարիամ Թումասյանը պարտավորեցնող է համարում հոր անունն ու գործը:
«Հպարտ եմ, որ դուստրն եմ այն մարդու, ով հայրենիքի համար բազմաթիվ սխրանքներ է գործել: Նա օժտված էր վճռականությամբ: Նրա գործն ու սխրանքն ինձ ավելի պարտավորեցնող է դարձնում», -ասաց զոհված սպայի դուստրը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան: