Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 28-ին նշվում է Հայաստանի զինված ուժերի տոնը։
-1885 թ. հունվարի 28-ին ծնվել է Վահան Տերյանը՝ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ։
-1892 թ. հունվարի 28-ին ծնվել է Արմեն Տորյանը՝ հայ բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր, գրել է ֆրանսերեն եւ հայերեն։ 23 տարեկանում ձերբակալվել է եւ զոհ գնացել Հայոց մեծ եղեռնին։
-1853 թ. հունվարի 28-ին ծնվել է Վլադիմիր Սոլովյովը՝ ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, Գիտությունների կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1900)։ Կանգնած է 20-րդ դարասկզբի ռուսական հոգեւոր վերածննդի ակունքներում։ Ազդեցություն է ունեցել Նիկոլայ Բերդյաեւի, Սերգեյ Բուլգակովի, Սերգեյ եւ Եվգենի Տրուբեցկոյների, Պավել Ֆլորենսկու, Սեմյոն Ֆրանկի փիլիսոփայական հայացքների ձեւավորման, ինչպես նաեւ բանաստեղծ-սիմվոլիստներ Անդրեյ Բելիյի եւ Ալեքսանդր Բլոկի ստեղծագործությունների վրա։
-1955 թ. հունվարի 28-ին ծնվել է Նիկոլա Սարկոզին՝ Ֆրանսիայի 23-րդ նախագահը (2007-2012 թթ.):
-1985 թ. հունվարի 28-ին աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված «USA for Africa» խումբը ձայնագրեց «We Are the World» երգը:
-1996 թ. հունվարի 28-ին մահացել է Իոսիֆ Բրոդսկին՝ ազգությամբ հրեա բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ (ծնվ.՝ 1940 թ.):
-2011 թ. հունվարի 28-ին ստեղծվեց Լիտոպեդիա հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը։
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-1940 թ. Վիլյամ Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի:
-Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարեւանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրին: Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։
-Վիլյամ Սարոյանը Սեւանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար եւ խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
-Ինքնաթիռով պիտի տանիմ...
-Ինչու՞ համար...
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
-Պատմում է Վիլյամ Սարոյանը.
Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
-Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)...
Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
-Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...
Շատ ամնչցա:
Մ. Ա.