Հասարակական

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Լին Թրեյսիին

2 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Լին Թրեյսիին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելին և քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներդնել հնարավոր բոլոր ջանքեը գերիների փոխանակումն իրականացնելու համար:

«Ռազմագերիների հարցը կարևոր հումանիտար խնդիր է, որն օր առաջ պետք է լուծվի հնարավոր բոլոր խողովակների կիրառմամբ»,- ասել է Քոչարյանը:

Զրուցակիցները խոսել են նաև պատերազմում Ադրբեջանի կողմից Մերձավոր Արևելքից ահաբեկիչների և վարձկանների ներգրավման մասին:

«Սիրիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից վարձկանների մասնակցությունը պատերազմին անհերքելի է, և այդ փաստը հաստատվել է աշխարհի առաջատար երկրների՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից: Փաստորեն այս պատերազմում Պաշտպանության բանակը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և իսրայելական նորագույն սպառազինության դեմ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Դեսպանը հայտնել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքը կարող է լինել ԼՂ կարգավիճակի հստակեցումը, և այս պահին այդ ուղղությամբ արդեն պետք է տարվեն աշխատանքներ:

Հանդիպման ավարտին քննարկվել են տնտեսական հարաբերությունների անվտանգության ապահովմանը, ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև դեսպանության աջակցությամբ սերժանտական կազմի ինստիտուցիոնալ կրթական հնարավորություններին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում