Հասարակական

Պատերազմում վիրավորված անձանց պետությունը կապահովի առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում

2 րոպեի ընթերցում

Պատերազմում վիրավորված անձանց պետությունը կապահովի առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն ու նրանց տրվում է հավաստագիր, որով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները և առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել:

«Առաջարկում ենք, որ պատերազմի այն մասնակիցների համար, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, իրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- ասաց նախարարը:

ՎարչապետՆիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման հիմնական նպատակը երկուսն է՝ պրոթեզավորման կարիք ունեցող հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել արագ ու հարմարավետ, երկրորդ՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի: «Մենք նաև հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք պատշաճ մասնագիտական վերապատրաստում կամ նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն: Տվյալ դեպքում, մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձիք ոչ թե համակերպվեն այդ կարգավիճակի հետ, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն», - նշեց վարչապետը:

ՓոխվարչապետՏիգրան Ավինյանը հավելեց, որ կառավարությունը լուծելու է նաև սպասարկման խնդիրները, հարցը քննարկվելու է հունվարի 21-ին Պաշտպանության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում