Հասարակական

Ոստիկանությունը հայտնում է ապօրինի խաղատուն բացահայտելու մասին. պետությանը պատճառվել է ավել քան 5 միլիարդ դրամի վնաս

3 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հայտնում է ապօրինի խաղատուն բացահայտելու մասին. պետությանը պատճառվել է ավել քան 5 միլիարդ դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է պետությանը 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանությանհաղորդագրությունը.

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ համագործակցելով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ։ Արդյունքում՝ պարզվեց հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ նախորդ տարվա նոյեմբերից Վաղարշյան 15/15 հասցեում, առանց պետական գրանցման ու լիցենզիայի, «պոկեր» տեսակի շահումով խաղերը վարձու խաղավարների միջոցով կազմակերպել է Երևանում բնակվող, 34-ամյա մի տղամարդ։ Մասնակիցների շահումից 3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ: Այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով, միայն հատուկ թույլտվության պետական տուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Հունվարի 17-ին իրականացվեց հատուկ միջոցառում, որի շրջանակներում ապօրինի խաղատանը հայտնաբերվեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկվեցին 10 անձինք։ Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում