Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Պատերազմում վիրավորվածների բուժման գործընթացում ներգրավված է եղել 40 քաղաքացիական ԲԿ

Պատերազմում վիրավորվածների բուժման գործընթացում ներգրավված է եղել 40 
քաղաքացիական ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության շնորհիվ (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով վիրավորների մահացությունը 1.65%-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ամփոփելով ռազմական դրության ժամանակ կատարված աշխատանքները:

Նախարարությունից հայտնում են, որ ամենօրյա ռեժիմով իրականացվել է մարզային և Երևանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից ստացված տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքներ` մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների և տուժած անձանց թվի, ինչպես նաև մահճակալային ֆոնդի զբաղվածության վերաբերյալ:

40 քաղաքացիական բժշկական կենտրոն ներգրավված է եղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած տուժածների բուժման գործընթացում: Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է առողջապահության նախարարության կողմից: Շուրջ 3000 բուժաշխատող ներգրավված է եղել պատերազմի հետևանքով տուժածների բժշկական օգնության և սպասարկման գործընթացում:

Առողջապահության նախարարության կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության շնորհիվ (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով վիրավորների մահացությունը 1.65%-ի:

ԱՆ «Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի և մարզային արյան կայանների կողմից իրականացվել է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների և տուժած անձանց արյան անխափան մատակարարում:

Մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում` կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Կամավորների դեպքում` անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:

Առողջության առաջանային պահպանման օղակում և հիվանդանոցային կազմակերպություններում կազմակերպվել է Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված քաղաքացիների բժշկական օգնությունը, այդ թվում` հեմոդիալիզի կարիք ունեցողների:

Կազմակերպվել է Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված քաղաքացիների ստոմատոլոգիական բժշկական օգնությունը:

Մարտական գործողությունների ժամանակ այրվածքներ ստացած և բժշկական կազմակերպություն տեղափոխված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ընթացքում բուժաշխատողների անվտանգ աշխատանքն ապահովելու, մասնավորապես սպիտակ ֆոսֆորի թունավոր ազդեցությունից պաշտպանելու նպատակով իրականացվել է իրազեկում` բուժաշխատողներին անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու համար:

Բժշկական կազմակերպություններից հավաքագրվել և ամփոփվել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, որոնց վնասվածքը կարող է հանգեցնել  հաշմանդամության: Տեղեկատվությունը փոխանցվել է պատասխանատու գերատեսչություններին:

Իրականացվել է վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների գույքագրում և ամփոփում: Արդյունքում` ռազմական գործողություններից տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

Ռազմական դրության ժամանակ ճշգրտվել են Արցախի Հանրապետությունից ժամանած և ժամանակավոր կացարաններում տեղակայված քաղաքացիների տվյալները, ապաստան տրամադրած կազմակերպություններին (հյուրանոցներ, հանրակացարաններ) տրամադրվել է խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի տարածումը կանխելու նպատակով Արցախի Հանրապետությունից ժամանակավոր Հայաստան տեղափոխված անձանց շրջանում կատարվել են համաճարակաբանական հետազոտություններ և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ, իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ: Կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր դրական արդյունքով անձանց, ժամանակավոր կացության վայրում ինքնամեկուսացման անհնարինության դեպքում, տեղափոխել են հատուկ կարանտինային վայրեր:

Արցախի և թիկունքային բոլոր հոսպիտալները համալրվել են «կյանք փրկող» բուժսարքավորումներով, ինչպիսիք են` անզգայացման սարքերը, թթվածնի արհեստական շնչառության, էլեկտրադանակները, վիրաբուժական պարագաները, ռենտգեն սարքերը և այլն։ Մասնավորապես, շուրջ 80 անուն 2000 հատ բուժսարքավորումներ/պարագաներ են տրամադրվել զինավորներին բուժօգնություն ցուցաբերող հաստատություններին:

Համակարգվել են ռազմական դրության ժամանակ որպես մարդասիրական օգնություն ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի որոշման, ստացման, տեղափոխման աշխատանքները:

Նախարարությունից հիշեցրել են, որ ձեռք են բերել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինվորների ԴՆԹ հետազոտությունները: Դեկտեմբերի 31-ի դրությամբ` դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 427 մարմին:

Առողջապահության ազգային ինստիտուտը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ համատեղ կազմակերպել է «Ժամանակակից ռազմական վնասվածք. տեսակավորումից մինչև բուժում», «Պերիֆերիկ նյարդերի էխոանատոմիան և նեյրոպաթիաները», «Բաց որովայնով հիվանդների կառավարման լավագույն փորձը», «Ճգնաժամային առաջնորդություն և զանգվածային զոհերի խնամք», «Աորտայի (REBOA) վերակենդանացման էնդովասկուլյար օդապարիկի խցանման դերը ռազմական վնասվածքաբանության մեջ» և այլ թեմաներով վեբինարներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են մի քանի հարյուր բուժաշխատողներ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ