Այվազյանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար վստահության մթնոլորտի անհրաժեշտություն է տեսնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի կարծիքով, եթե Ադրբեջանը չի կարողանում կատարել գերիների վերադարձի վերաբերյալ իր հումանիտար պարտավորությունը, ապա դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին նախարարն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Այսօր մեզ համար դա առաջնային խնդիր է: Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով, ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձևավորելը: Եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները հումանիտար խնդրի շուրջ, դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել»,- ասաց Այվազյանը:
Հունվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային քննարկմանը: