Հասարակական

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանին  ներկայացրել է հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հանդիպմանը նախարարը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։

Դեսպան Նիկո Սխերմերսին նշել է, որ պատիվ է իր համար աշխատել Հայաստանում, տեղյակ է հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների մասին, անձամբ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ընդլայնմանը։

Նախարար Արշակյանը դեսպանին ներկայացրել է հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ «Վիրտուալ կամուրջ», «Ինժեներական քաղաք», «Կիբերանվտանգության գերազանցության կենտրոն»: Նախարարը կարևորել է նաև կրթական, վերամասնագիտացման ծրագրերը՝ բուհ- մասնավոր հատված համագործակցության ֆորմատով:

«Մեր տարբեր ծրագրերի միջոցով նպատակ ունենք կապ ստեղծել մարզերի և Երևանի միջև, ինչպես նաև Հայաստանը կապել աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով առաջատար ընկերությունների և հնարավոր ներդրողների հետ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, Հայաստանի թվային օրակարգին և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին:

Դեսպան Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատել հայ-նիդերլանդական համագործակցության խորացման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում