Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնագետները Հայաստանում 16 ծրագիր են իրականացրել. Պավել Ավետիսյանն ամփոփել է աշխատանքը

Հնագետները Հայաստանում 16 ծրագիր են իրականացրել. Պավել Ավետիսյանն ամփոփել 
է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն ամեն տարի հնագիտական պեղումներ է իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում: Համավարակով պայմանավորված՝ 2020-ին դաշտային հետազոտական աշխատանքներն էականորեն նվազել էին: Եթե նախկինում իրականացվում էր տարեկան 30-40 դաշտային հետազոտություն, ապա այս տարի հնարավոր է եղել կյանքի կոչել ընդամենը 16 ծրագիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը մանրամասներ ներկայացրեց կատարված աշխատանքների մասին:

«Արդեն մի քանի տարի աշխատում ենք Կառնուտի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի և դամբարանադաշտի տարածքում: Պեղումներ ենք իրականացրել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտակայքի վաղ բրոնզեդարյան բլուր-բնակատեղիում: Այնտեղ վերջին անգամ պեղումներ էին կատարվել 1960-ական թվականներին, որոնց արդյունքները չեն հրապարակվել. հայտնի չեն գիտական հանրությանը: Հայ-գերմանական համատեղ արշավախմբի հետ շարունակել ենք աշխատել Արտանիշ գյուղի վաղ բրոնզեդարյան բնակատեղիում, որտեղ դամբարանադաշտ կա»,- ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ նախկինում այդ տարածքներում պեղումներ իրականացրել են, ուսումնասիրել են Սոթքի ոսկու հանքերը և շրջակա հուշարձանները՝ հասկանալու համար, թե այդ մեծ հանքավայրերի շահագործումը հին ժամանակներում ի՞նչ ազդեցություն  է ունեցել շրջակայքի վրա: Ստացված տվյալները հուշել են, որ անհրաժեշտ է շարունակել դաշտային հետազոտական աշխատանքները, քանի որ տեղի հուշարձանների մի զգալի մասը վտանգված է: Համագործակցելով գերմանական կողմի հետ՝ հնագետներն այդ տարածքներում կսկսեն աշխատել՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ:

Ուսումնասիրվել են նաև «Վիշապ» քարակոթողները: «Հոդվածների մի քանի հաստափոր ժողովածու ենք հրատարակել այդ հետազոտությունների վերաբերյալ: Պեղում ենք նաև Ծիրինկատարում: Պեղումներն առաջին անգամ մեզ հնարավորություն տվեցին այսօրվա մեթոդներին համապատասխան թվագրել  հուշարձանները: Հիմա ունենք լաբորատոր վերլուծություններով բազմաթիվ տվյալներ և կարողանում ենք ժամանակագրել դրանք: Այս տարի պեղումներ ենք իրականացրել նաև Արգիշտիխինիլիում: Առանձնահատկությունն այն է, որ մտել ենք գյուղեր ու գյուղերի տնամերձ բակերում ենք պեղումներ արել, քանի որ դրանք կառուցված են

հին հուշարձանի վրա: Ամեն անգամ, երբ գյուղացիները ծառ են տնկում, ճանապարհ կառուցում, նոր բաներ են բացվում: Մեր արշավախումբը հետևում է ընթացքին, տվյալները հավաքում և ամեն պեղաշրջանում փրկարարական աշխատանքներ իրականացնում: Այստեղ լավ արդյունքներ կան, քանի որ բակերում Վանի թագավորության շրջանի կառույցներ, թաղումներ ենք բացել: Հարուստ նյութեր են գտնվում, որոնք թանգարանային նմուշներ են դառնում, ներկայացնում տվյալ ժամանակաշարջանը»,- պատմեց հնագետը:

Տարվա ամենամեծ ծրագիրն իրականացրել են Արտաշատում, որտեղ խճանկարներով, բաղնիքներով հսկայական համալիր են գտել: «Արտաշատը երկու մակարդակով ենք ֆիքսել: Աշխատել ենք բլուրների վրա, պարսպապատերն ենք ուսումնասիրել, ստորին քաղաքը, իսկ հիմա թաղամասերն ենք բացում: Իրական հանրային նշանակության մեծ շինություններ են սկսել բացվել, և դրանք կարող են լինել պալատական շինությունների մնացորդներ, արտադրական համալիրներ և այլն:  Հիմա աշխատում ենք դրանց վրա և ամենամեծ ծավալներն ենք այդտեղ գտել: Դա երկու փուլով ենք արել. սկզբում Արաքսի ափին բացված նորահայտ հասարակական բաղնիքներով ներկայացված տաճարական կամ պալատական շինության հատվածը, հետո՝ 13-րդ  բլուրի շրջակայքը»,- տեղեկացրեց Ավետիսյանը:

Հնագետները շարունակել են նաև պեղումները Տավուշի մարզի Գետահովտում: Երկու փուլով աշխատել են  Լեռնակերտ գյուղում, որը Շիրակի դաշտում է:

«Անգեղակոթ գյուղում է Սուրբ Վարդան մատուռը, որը գրեթե կիսավեր է: Այն ամրակայելու խնդիր կա. գուցե վերականգնվի: Այնտեղ պեղումներ ենք իրականացրել «Երկիր և մշակույթ» ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ: Հետաքրքիր էին Տավուշի ամրոցում, սահմանամերձ գյուղերում և բերդում արված աշխատանքները: Նախատեսված է այս տարածքները վերածել զբոսաշրջության կենտրոնների: Հնարավորինս շատ շերտեր է պետք  բացել, քանի որ ամրոցը  պատմամշակութային արգելոցի տարածք է: Այն պետք է օգտագործվի որպես զբոսաշրջության օբյեկտ, ուստի հնարավորինս շատ բան է պետք ցույց տալ: Շարունակական պեղումներ ենք արել նաև Տանձափարախի անապատում, որը Սյունիքի մարզում է: Այնտեղ մաքրման, պեղման աշխատանքներ են իրականացվում: Նույնն արվում է նաև Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցում, պեղումներ ենք կատարել նաև Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,- պատմեց Պավել Ավետիսյանն ու հավելեց, որ աշխատել են նաև Մարմաշենի վանական համալիրում:

Նա նշեց, որ դաշտային աշխատանքների շնորհիվ ամեն տարի հսկայական նյութ են ստանում, և, քանի որ պեղումները քիչ են եղել, իրենց ուժերը կենտրոնացրել են այդ նյութերի  մշակման, վերլուծությունների վրա:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am