Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերապրոֆիլավորված 30 հիվանդանոց, տարհանման համակարգի օպերատիվություն. փոխնախարարն ամփոփել է տարին  

Վերապրոֆիլավորված 30 հիվանդանոց, տարհանման համակարգի օպերատիվություն. 
փոխնախարարն ամփոփել է տարին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետությամբ և օպերատիվությամբ պատերազմի ընթացքում հնարավոր է եղել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացությáõն) 1.65%-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը՝ ներկայացնելով մի քանի փաստ 2020 թվականի ընթացքում առողջապահության նախարարության և համակարգի մասին:

 «Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է նախարարության կողմից` ամբողջությամբ կամ մասնակի թիկունքային հոսպիտալ ծավալած շուրջ 40 հիվանդանոցներում: Մեր բժիշկների հերոսական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի, համակարգի բարձր պատրաստվածության, մեր կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության շնորհիվ (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին տարհանվել են նախարարության կողմից ներդրված համակարգերի միջոցով) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացություն) 1.65%-ի»,- նշել է փոխնախարարը:

 Նրա խոսքով՝ տվյալ ցուցանիշն աննախադեպ է համեմատած աֆղանական պատերազմի, չեչենական 1-ին, 2-րդ, սիրիական և վերջին 30 տարվա ցանկացած այլ պատերազմների ժամանակ տեղի ունեցած սանիտարական կորուստների հետ: Սմբատյանը շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին` բժշկական օգնության այսպիսի աննախադեպ որակի համար: Նա շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից գործուղված հարյուրավոր բժիշկներին, ովքեր հակառակորդի հրթիռակոծման ներքո կատարել են իրենց պարտքը:

Փոխնախարարը հիշեցրել է՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակում շուրջ 160 հազար քաղաքացու մոտ հայտնաբերվել է Covid-19: «Տարվա ընթացքում, կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնություն իրականացնելու համար, ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել է շուրջ 30 հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում են ստացել ավելին քան 36 000 բուժառու, ովքեր ունեցել են հիվանդանոցային բժշկական օգնության կարիք: Մեր բժիշկների հերոսական աշխատանքի, առողջապահական համակարգի արագ վերազինման, որը հնարավոր դարձավ կառավարության կողմից ֆինանսական և գործառնական հսկայական աջակցության շնորհիվ, փրկվել են հազարավոր կյանքեր՝ մահացության ցուցանիշը հասցնելով վարակակիրների շրջանում 1,76%-ի (համաշխարհային ցուցանիշը կազմում է 2,18%)»,- նշել է փոխնախարարը:

Նրա վստահեցմամբ՝ աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմով՝ առողջապահական համակարգը շարունակում է պատշաճ բժշկական օգնություն մատուցել անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին՝ թերևս իրագործելով անհնարինը:

«Մոլեգնող համավարակի պայմաններում, շնորհիվ առողջապահության նախարարության ոլորտային քաղաքականության բարեփոխումների, 2020 թվականի ընթացքում հնարավոր դարձավ առավել քան կրկնակի կրճատել մայրական մահացությունը` ի համեմատ 2019-ի»,-գրել է փոխնախարարը:

Սմբատյանը նաև ցավով նշել է, որ 2020 թվականի ընթացքում գրանցվել է 7 մայրական մահ, որոնցից 5-ը՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

«Առողջապահության նախարարությունը տարեսկզբից հաստատակամ գտնվեց՝ չտրվելով ոչ մասնագետների սենտիմենտալ քննադատություններին, շահարկումներին, սխալ պատկերացումներին և անձնավորված մոտեցմանը, որոնք որևէ աղերս չունեն ապացուցողական, արժանիքահեն մասնագիտական մոտեցումների հետ: Եվ, այո ՛, քաղաքականության վերանայման արդյունքում փակվեցին մի շարք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որոնք չէին համապատասխանում սահմանված չափանիշներին, և, այո ՛, նեղ մասնագիտական հիվանդանոցային ծառայությունները պետք է կենտրոնացվեն, որպեսզի բժշկական օգնության որակը բարձրանա ի հաշիվ կատարված միջամտությունների թվի (փորձի), կադրային և բժշկական սարքավորումներով, պարագաներով հագեցվածության»,- նշել է նա:

Սմբատյանի վստահեցմամբ՝ աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմով, անմիջական մասնակից և ղեկավար լինելով Ստեփանակերտում, Գորիսում և Վարդենիսում վիրավորների տարհանման կազմակերպմանը,  առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցներն, այնուամենայնիվ,արել են անհնարինը:

Առաջին անգամ ՀՀ 30-ամյա պատմության մեջ բժշկական կենտրոննները տարեսկզբից առաջ ստացել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծառայությունների մատուցման մասին 2021 թվականի պայմանագրերը: Համեմատության համար փոխնախարարը նշել է, որ մինչ 2018 թվականը բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքվում էին մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: 2020 թվականի համար պայմանագրերը կնքվել էին ռեկորդային վաղ ժամկետում՝ հունվարի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am