1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջազգային առցանց փառատոներ, առաջիկա հավակնոտ ծրագրեր. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփել է տարին

Միջազգային առցանց փառատոներ, առաջիկա հավակնոտ ծրագրեր. ՀՀ ԿԳՄՍ 
փոխնախարարն ամփոփել է տարին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020-ին առցանց մի շարք միջազգային փառատոներ են անցկացվել, գիտաժողովներ ու ոլորտային լուրջ քննարկումներ կազմակերպվել: 2021-ին պետության՝ մշակույթին տրամադրվող գումարը կրճատվել է, սակայն անելիքներ չեն քչացել: Նախատեսվում են ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող զինվորներին, թատրոնների խաղացանկային նոր քաղաքականության մշակմանը, նախաձեռնությունների, որոնցում ընդգրկված կլինեն նաև ինքնազբաղ արվեստագետները:

Տարվա ընթացքում մշակույթի ոլորտում կատարած աշխատանքի և հետագա անելիքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ:

-Պարոն Խզմալյան, համավարակն ազդեց տարբեր ոլորտների վրա: Ինչպե՞ս այն դրսևորվեց մշակույթում: Կխնդրեի խոսել և՛ դրական, և՛ բացասական կողմերի մասին:

-Յուրաքանչյուր ճգնաժամ ավելի ցայտուն է դարձնում ոլորտային թերությունները, կարող ուժերին զատում է ոչ այնքան կարող ուժերից: Կարծում եմ՝ համավարակն ունեցավ դրական նշանակություն, ինչպես ոլորտը և գեղարվեստական ձևերը թարմացնելու, նորոգելու, այնպես էլ պետական գերատեսչության առկա ռեսուրսները ճիշտ գնահատելու գործում: Իհարկե, մշակութային հաղորդակցության պակասն ունեցան բարոյահոգեբանական լուրջ հետևանքներ. երբ մեր կյանքից պակասեց մշակութային բաղադրիչը, մենք ավելի քաղաքականացված դարձանք, հանրային տրամադրություններում մեծացան մերժողականությունն ու ագրեսիան: Մշակույթն ինչպես միշտ գալիս է մեղմացնելու այդ բնազդները և հաստատելու մարդկային նորմալ հարաբերություններ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, բազմաթիվ պետական կառույցների ղեկավարների, որ այս լրջագույն սահամանափակումների և մարտահրավերների պայմաններում կարողացան ապահովել արվեստի առկայությունը հանրային կյանքում: Շատ մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ պետական կառույցներն սկսեցին ուշադրություն դարձնել բացօթյա հարթակներին, որոնք կա՛մ աղբանոցների էին վերածվել, կա՛մ պահեստների, իսկ համավարակը ստիպեց գեղարվեստականացնել այդ միջավայրերը, որոնք համավարակի հաղթահարման դեպքում էլ կշարունակեն մնալ ներկայացումների, համերգների, տարբեր միջոցառումների անցկացման վայրեր: Դա կբերի դերասանական նոր խաղաոճ, ռեժիսորական մտահղացումների և ձևերի նորացում:

-Մասնավոր կառույցները և՞ս ձեր ուշադրության կենտրոնում են:

-Ամենաբարդը պետական կառույցներից դուրս գործող անկախ, ինքնազբաղ արվեստագետների վիճակն էր. եթե պետական հաստատություններում մարդիկ սոցիալական ապահովություն ունեին, ապա բացարձակ անօգնական էին ինքնազբաղ արվեստագետները: Այս առումով համավարակը նպաստեց, որ մենք մեծ ուշադրություն դարձնենք նրանց սոցիալական կարգավիճակին, սոցիալական երաշխիքներին: Մի քանի լուրջ քննարկումներ  ենք ունեցել ոլորտի մասնագետների հետ և արդեն մշակվում են համապատասխան օրենսդրական նախագծերը: Պատերազմն ամեն ինչ դրեց մի կողմ, բայց սա մի խնդիր է, որը չի կարելի մոռանալ և  պետք է 2021 թվականի պետական քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը դարձնել:

Կարևորագույն հարցերից է նաև հաշմանդամություն ունեցող բազմաթիվ պատանիների սոցիալականացումն ու մշակութայնացումը:  Կան նաև հոգեբանական լրջագույն խնդիրներով զինվորներ, որոնք վերադարձել են պատերազմից, նրանց ընտանիքների անդամները, որոնք նույնպես հոգեբանական խնդիրներ ունեն… Այստեղ արվեստն ու մշակույթը լուրջ ասելիք ունեն:

-Անվտանգության կանոնները պահպանելու նպատակով այս տարի թատրոնները, համերգասրահները ստիպված էին ակտիվ գործունեություն ծավալել առցանց հարթակում: Աշխատանքի այդ ձևաչափն ի՞նչ ծիլեր տվեց:

-Համավարակը ցույց տվեց, որ որակյալ թվային բովանդակություն մենք շատ քիչ ունենք: Կա բարձր տեխնոլոգիաների ներդրման, կիրառման և թվային տիրույթում դիրքավորելու խնդիր, ինչը հավելյալ ծախսեր է պահանջում: Այն, ինչ հնարավոր էր անել, արվեց: Կարծում եմ՝ եղան շատ հետաքրքիր, ոչ այնքան հետաքրքիր նախագծեր, բայց յուրաքանչյուր նախաձեռնություն շատ ավելի կարևոր է, քան ոչինչ չանելը: Իմիջայլոց, ամեն տեսագրություն կայքում տեղադրելը, համացանցում հրապարակելը չի նշանակում, որ առցանց ծրագիր է իրականացվում: Օնլայն ծրագիրն ունի իր տրամաբանությունը, չափանիշները: Դա բոլորովին այլ մասնագիտացում է պահանջում, և համավարակը լուսավորեց այս մութ անկյունը: Տեսանք, որ այդտեղ ևս անելիքներ կան և անհրաժեշտ է ձևավորել որակյալ թվային բովանդակություն, որը կարող ենք ծառայեցնել հանրությանը թատրոն, համերգասրահ բերելուն:

-Պարոն Խզմալյան, Հայաստանում մշտապես կազմակերպվել են միջազգային մի շարք երաժշտական, թատերական, կինո և այլ փառատոներ: Որո՞նք էին այս տարվա նշանակալի մշակութային իրադարձությունները:

-Մարտ ամսին հայտնել էինք դրամաշնորհային ծրագրերի հաղթողներին: Հենց այդ ժամանակ արտակարգ դրություն հայտարարվեց, բայց ունեցել ենք մի նպատակ և վարել ենք մի քաղաքականություն, որպեսզի առավելագույնս իրականացվեն հաղթած ծրագրերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մի շարք  հանձնաժողովների անդամների, որոնք անտրտունջ վերանայել են հայտերը, փոփոխված բովանդակությունը:

Փառատոներն իրականացվել են առցանց տարբերակով: Օրինակ «Հայ ֆեստ»-ը  նշանավոր միջազգային փորձագետների, թատերագետների մասնակցությամբ օնլայն համաժողով կազմակերպեց, որը նվիրված էր կորոնավիրուսի հետևանքներին, նոր իրականությունում թատերական կյանքի շարունակականությանը և մարտահրավերներին: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը առավելագույնը կարողացավ անել, «Երևանյան հեռանկարներ»-ը՝ նույնպես: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է Բեթհովենին նվիրված հաղորդաշար, որը շուտով հեռարձակելու ենք, մենք փորձեցինք միջոցներ ուղղել որակյալ ձայնագրությունների բացը լրացնելուն: Կարևորում եմ «Դասարան+դասական» ծրագիրը, «Դաս Ա» կրթամշակութային և այլ ծրագրեր: Բազմաթիվ թատերական նախագծեր տեսագրվեցին:

Նշանակալի իրադարձություն եմ համարում Ծաղկաձորում կազմակերպված համաժողովը, որի շրջանակում հնարավորություն ունեցանք ներկայացնել մեկ տարվա աշխատանքի արդյունքները, հստակեցրինք, թե պետական կառույցներն ինչ գլոբալ խնդիրներ ունեն: Այժմ կա ախտորոշումը և՛ օրենսդրական, և՛ կառուցվածքային, և՛ կադրային: Այդ բոլոր խնդիրները ներկայացրել ենք ինչպես տարբեր մշակութային հաստատությունների տնօրեններին, այնպես էլ հանրությանը: Քննարկել ենք հարցերի լուծման առաջարկությունները: Մի մասն իրականացված է,  մի մասն էլ 2021-ին  կիրագործվի ՀՀ կառավարության, ԱԺ որոշումներով:

-Իսկ առաջիկայում կա՞ն կարևոր ծրագրեր, որոնց մասին կցանկանաք բարձրաձայնել:

-Մեր ամենամեծ խնդիրը եղած ֆինանսական միջոցները ճիշտ ուղղորդելն է: Ցավոք  և բնականաբար մշակույթին հատկացվող պետական միջոցները կրճատվել են: Մշակույթին հատկացվելու է ընդամենը 900 մլն դրամ, ինչը նշանակում է, որ մենք  միջոցների ավելի թիրախային ու նպատակային վերաբաշխում պետք է կատարենք: Առաջնային է հաշմանդամություն ունեցող տղաների համար հատուկ ծրագրերի իրականացումը: Արդեն քննարկումներ ենք սկսել գեղագիտության ազգային կենտրոնի հետ, որը ներառական ծրագրերի իրականացման լրջագույն փորձ ունի: Գուցե հենց այդ կենտրոնը մշակի այն մեթոդաբանությունը և սկզբունքները, որոնցով կարող են կողմնորոշվել բոլոր պետական կառույցները: Մենք պետք է հասկանանք, թե  պետական հաստատությունները տեխնիկական ինչ սահմանափակումներ ունեն՝ սկսած թեքահարթակներից, վերջացրած այլ ատրիբուտներով: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել խաղացանկային քաղաքականությանը, հասկանալ, թե պետական կառույցներն անկումային տրամադրությունների հաղթահարման ինչ ծրագրեր են մշակում ինքնազբաղ կառույցների մասնակցությամբ: Երբ հստակ լինեն  անելիքներն ու ծրագրերը, պետական միջոցների բաշխումն էլ տեղի  կունենա հենց այս առաջնահերթությունների տրամաբանությամբ:

Բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ ժամանակ է պետք. վերքը բաց է, սպիացած չէ: Եթե մի բան պետք է հրատապ քննարկվի, դա պատերազմի հետևանքների մեղմացման մշակութային ծրագիրն է:

Առիթից օգտվելով, մաղթում եմ, որ 2021 թվականը կայունության, տևական խաղաղության տարի լինի: Մեր բոլոր հայրենակիցներին ուժ ու տոկունություն եմ ցանկանում: Միայն մշտական աշխատանքը, պատասխանատվությունը կարող են օգնել մեզ հաղթահարել այս իրավիճակը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]